Եթե ղեկավարն ինքնուրույն, անկախ մարդ չէ, որևէ հռչակագրով երկիրը անկախ չի դառնա. ՀՀ անկախության 25-ամյակի պտուղները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 25-ամյակը: Եվ հուզական ու երբեմն պաթետիկ ելույթների ֆոնին կային նաեւ ՀՀ անկախության կորստի, զիջման մասին հայտարարություններ: Որպես վերջինը արձանագրող փաստ նշվում էին մի քանի գործոններ՝ սկսած ռուս սահմանապահների կողմից ՀՀ սահմանների հսկողությունից, ավարտած Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ, որով էլ մեր երկիրը, փաստորեն, 2015թ. սկզբից անկախ մաքսային քաղաքականություն վարելու իր իրավունքը զիջեց վերազգային կառույցին:

Ինչպես հայտնի է՝ ԵՏՄ-ին, բացի Հայաստանից, անդամակցում է եւս չորս երկիր, որոնցից Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարություններից դատելով՝ դժվար է ասել, որ նրանք զիջել են իրենց անկախությունը:

Մասնավորապես՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ սպառնացել է դադարեցնել իր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Ռուսաստանը պարբերաբար արգելափակում է բելառուսական ապրանքների մատակարարումները: Երբ ՌԴ ենք արտահանում որակյալ ապրանք եւ ընդունելի գներով, հարվածում ենք Ռուսաստանի գյուղատնտեսության ոլորտի օլիգարխների գրպաններին: Նրանք ճնշում են գործադրում կառավարության վրա: Իսկ կառավարությունը տալիս է «ֆաս» հրամանը Россельхознадзор-ին: Անթաքույց ճնշում է գործադրվում: Արդեն զզվեցրել են: Բանը բանից անցել է: Այդպես չի կարող շարունակվել»,-վրդովված հայտարարել է Լուկաշենկոն:

Անշուշտ իր էմոցիոնալ վարքագծով հայտնի Բատկայի այս բռնկումն առաջինը չէ եւ, հավանաբար, վերջինն էլ չի լինի: Եվ նաեւ դժվար թե Լուկաշենկոն տեսանելի առաջիկայում դուրս գա ԵՏՄ-ից: Որքան էլ ասվում է, թե այս տարվա հունվար-օգոստոսին Բելառուսի ՀՆԱ-ն կրճատվել է 3 տոկոսով, իրականում Բելառուսը հենց ԵՏՄ-ից եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից բավականին մեծ օգուտներ է քաղում: Եվ բացի քաղաքական տեսանկյունից՝ ԵՏՄ-ին անդամակցությունը միանգամայն ձեռնտու է Բելառուսին նաեւ տնտեսական առումով:

Սակայն չնայած դրան՝ Լուկաշենկոն չի դադարում Ռուսաստանին քննդատել եւ ամեն առիթով արտահայտել իր դժգոհությունը՝ դիմացը, ի վերջո, նորանոր արտոնություններ կորզելով իր երկրի համար: Մի բան, որ երբեւէ չի արվել Հայաստանի ղեկավարության կողմից: Ավելին՝ երբ անցած օգոստոսին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հայտարարեց, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, նրա կողքին կանգնած Սերժ Սարգսյանը չհամարձակվեց անգամ հեռավոր անհամաձայնության ակնարկ անել: Ավելին՝ Հայաստանի իշխող տնտեսաքաղաքական էլիտան շտապեց Պուտինի ասածը հաստատող ծիծաղելի պազաբանումներ մոգոնել՝ հայտարարելով, թե նա պարզապես «այլ մեթոդաբանություն» է կիրառել:

Այնպես որ, անկախությունը նախ եւ առաջ պետք է լինի մարդու, ղեկավարի, քաղաքացու ներսում: Իսկ եթե ղեկավարը ներքուստ ստրկամիտ է, ապա որեւէ հռչակագրով նա անկախ չի դառնա:




Լրահոս