Հարություն Գալստյանի (Կոնդեցի Հարութ) սպանությունը բացահայտված է. ով է կասկածյալը և ինչպես է տեղի ունեցել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Երեւանում 42-ամյա Հարություն Գալստյանի (Կոնդեցի Հարութ) սպանությունը, կարծես, բացահայտված է: ՀՀ ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնեց, որ պարզվել է` հանցագործությունը կատարել է 1982թ. ծնված Արտակ Հ.-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: Ոստիկանության փոխանցմամբ` Արտակն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
«Ժողովուրդ»-ին դեպքի մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Նախ հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ Հարություն Գալստյանին դանակահարել են «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Մեր տեղեկություններով` Հ. Գալստյանի մահը վրա է հասել շտապօգնության մեքենայում: Դանակի շեղբը որոշ ժամանակ նրա մարմնի մեջ է մնացել, արյունահոսությունը չարագացնելու համար բժիշկները խուսափել են հանել այն: Մահից առաջ Հարություն Գալստյանն ասել է. «Ես մեռնելո՞ւ եմ»:
Ինչպես հայտնի է` Հարություն Գալստյանը «Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է: «Ժողովուրդ»-ը, հղում անելով սպանվածի հարազատներին, հայտնել էր, որ կատարվածը միջանձնային անհասկացվածության պատճառով է եղել, սպանվածի մերձավոր շրջապատից ասել էին, որ նա երբեւէ սոցիալական կամ այլ խնդիրներ չի ունեցել: Շրջապատում նրան ճանաչում են որպես հանգիստ բնավորությամբ, ընկերասեր մարդու:

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իրավապահ կառույցների իր աղբյուրներին, գրել էր, որ կատարվածի մեջ կասկածվում էր քրեական աշխարհում հայտնի Խռանի որդին: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չէր հաստատվել: Եւ դարձյալ մեր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանություն ներկայացած անձը 34-ամյա Արտակ Հովհաննիսյանն է` հենց Էդգար Հովհաննիսյանի (Խռանի) որդին:

Իսկ ով է Արտակ Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով` սույն անձը վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Այնտեղ դատապարտված է եղել: Մեղադրանքը հայտնի չէ: Կոնդեցիների խոսքով` Ա. Հովհաննիսյանն այնպիսի հանցանք է գործել, որ նրա հարազատներն ամաչում են բարձրաձայնել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հովհաննիսյանը Հայաստան գալուն պես իր զոհի մոտ աշխատանքի է անցել վերջինիս առաջարկությամբ: Դեպքի օրը ալկոհոլ են օգտագործել, ինչ-որ հին դեպք են վերհիշել, ու վիճաբանություն է սկսվել: Արդյունքում Արտակ Հովհաննիսյանը դանակահարել է Հարություն Գալստյանին:
Լուրեր կան նաեւ, որ Հովհաննիսյանի եղբայրներից մեկն այս պահին պատիժ է կրում Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ Հայաստանից այս ընտանիքը մեկնել է 90-ականներին:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս