Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով` փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»:
Չնայած նրանց «փախուստի» փորձերին՝ «Ժողովուրդ»-ը հետամուտ եղավ եւ անձամբ նրանցից ստացավ այս օրերին առավել հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, թեեւ նախընտրել էր կառավարությունից հեռանալ հետնամուտքով, սակայն չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.
-Պարո՛ն Լոքյան, տեղեկություններ կան, որ նորանշանակ վարչապետը կառավարության անդամներին եւս հրահանգել է դուրս գալ կառավարության գլխավոր մուտքից, ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս:
-Չի եղել այդպիսի հրահանգ: Սա մուտք չի՞:
-Այնուամենայնիվ, գլխավոր մուտքի մոտ են մշտապես հավաքվում լրագրողները, ինչպես նաեւ՝ կառավարությունից պահանջ ունեցող քաղաքացիները, որոնք հավաքվում են այնտեղ` իրենց խնդիրները ներկայացնելու համար:
-Պարզապես ինձ ավելի հարմար է ոտքով գնալու համար: Ազնվորեն, չի եղել նման հրահանգ:
Վահագն Հակոբյան