Արյունալի «ռազբորկաներով» ուղեկցվող ընտրությունները «ազատ, արդար և թափանցիկ» որակող ԿԸՀ նախագահից հույսեր ունենալը միամտություն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները, այդ թվում՝ Էջմիածնում, անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: Երեկ հրավիրած ասուլիսում այդպիսի հայտարարություն է արել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշել է, որ ընտրություններից հետո իրենց է ներկայացվել վերահաշվարկի 11 դիմում: Ինչ վերաբերում է կոնկրետ Էջմիածնին, որտեղ, ինչպես հայտնի է՝ ընտրությունները ուղեկցվեցին կրակոցներով, ծեծով ու մարդ առեւանգելով, Մուկուչյանը նշել է, որ իրենք չունեին որեւէ հիմք՝ այդ ընտրությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց արդյունքները կասկածի տակ դնելու համար:

Հիշեցնենք, որ թեկնածուներից մեկը այդ ամենի արդյունքում հայտնվել էր հիվանդանոցում, եւ ընտրությունից 1 օր առաջ, ըստ էության, նրա թիմը հայտնվել էր կաթվածահար վիճակում, ինչն էլ անհավասար պայմաններ էր ստեղծել: Եվ չնայած դրան՝ Մուկուչյանն ասել է. «Չկա որեւէ դիմում թեկնածուի կողմից, որ չեն կարող մասնակցել քվեարկությանը, որ խախտվել կամ խոչընդոտվել են նրանց իրավունքները»:

Ասել է թե՝ ԿԸՀ գործող, եւ ըստ ամենայնի՝ նաեւ ապագա նախագահը, հղում կատարելով զուտ իրավական ընթացակարգերին, «իր ձեռքերը լվանում» է Էջմիածնում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովելու պարտավորությունից:

Ինչ խոսք՝ զուտ ֆորմալ տեսանկյունից, Մուկուչյանին դժվար է որեւէ պահանջ ներկայացնել, սակայն եթե խոսքը իրապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ԿԸՀ նախագահի ցանկության մասին է, ապա Մուկուչյանն ինքը պետք է որ շահագրգռված լիներ արձագանքելու եւ չսպասեր, որպեսզի ծեծված թեկնածուի կողմից դիմում կամ բողոք ներկայացվեր: Առավել եւս, որ Էջմիածնի քաղաքապետի ծեծված թեկնածու Արթուր Թումանյանի թիմակիցները մինչ այս բազմիցս բանավոր պահանջել էին չեղյալ հայտարարել ընտրությունները:

Մյուս կողմից էլ, անհասկանալի է, թե ինչու Արթուր Թումանյանի կողմից սահմանված ժամկետում չեն ներկայացվել դիմումներ ոչ միայն ընտրությունները չեղարկելու, այլեւ հետագայում դրանց ընթացքում տեղ գտած լցոնումների / ինչի մասին հայտարարել էր Հրաչիկ Աբգարյանը/ եւ արդյունքների հետ կապված: Տիգրան Մուկուչյանը երեկ հղում կատարելով այդ հանգամանքին՝ ասաց. «Պետք է ներկայացվեին դիմումներ, կարող էին ներկայացնել ապացույցներ, վերահաշվարկի դիմում, անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացվեր եւ այլն, բայց չի արվել: Իսկ մնացածը դատողություններ են»:

Դժվար է ասել, թե ինչու նման դիմում չի ներկայացվել: Արդյոք պատճառն այն է, որ այլեւս որեւէ բանի հետ հույս չե՞ն կապում ծեծված թեկնածուի թիմակիցները, թե՞ միգուցե չեն ցանկանում է՛լ ավելի խորացնել առճակատումը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ: Ի վերջո, այդ մարդիկ շարունակելու են ապրել Էջմիածնում: Մի բան, սակայն, ակնհայտ է. արյունալի «ռազբորկաներով» ուղեկցվող ընտրությունները «ազատ, արդար եւ թափանցիկ» որակող ԿԸՀ նախագահից հույսեր ունենալը միամտություն կլիներ:




Լրահոս