ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 2008-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լալվար սարի փեշին գտնվող  միջնադարյան այս ինքնատիպ կոթողն այսօր կիսավեր վիճակում է: Այլ երկրներին վանդալիզմի մեջ մեղադրելուց առաջ լավ կլիներ գոնե Հայաստանի ներսում մեր պատմական արժեքներին տիրություն անեինք: Լոռու մարզի Աքորի գյուղի տարածքում է գտնվում Բգավոր կոչվող եկեղեցին: Այն ԽՍՀՄ տարիներին համարվել է 13-րդ դարի կառույց, իսկ որոշ կարծիքների համաձայն շատ ավելի վաղ պատմություն ունի: Ներսում պատերի շարվածքը մանր կոպտատաշ քարերից է՝ 1 մետր բարձրությամբ լրացված թրծած աղյուսով: Այն պատմաճարտարապետական բարձրարժեք հուշարձան է, որն արդեն գրեթե խոնարհված է: Եկեղեցու ողջ տարածքում թափված են թաղերի, կամարների, որմնամույթերի եւ այլ սրբատաշ քարեր: Պահպանված են միայն պատերը, այն էլ խիստ վնասված վիճակում: Տանիքը բացակայում է, գմբեթը եւս: Բգավորն ընդգրկված է կառավարության որոշմամբ հաստատված Լոռու մարզի հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, ուստի եւ վերջինիս վերանորոգումն իրականացնելու է պետությունը? «Ժողովուրդ»-ի տեղեկություններով մշակույթի նախարարությանը վերանորոգման նպատակով 30 մլն դրամ է հատկացվել: 2008թ-ին վերանորոգման աշխատանքներ կարծես թե տարվել են, սակայն եկեղեցու այժմյան վիճակը շատ չի տարբերվում մինչ նորոգումը եղած վիճակից, եւ չի երեւում, թե հատկապես ինչն է վերանորոգվել: Եկեղեցու վիճակի եւ կատարված աշխատանքների մասին զրուցեցինք պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզի ծառայության պետ Արմեն Գերյանի հետ, որը եւս փաստեց, որ Բգավոր եկեղեցին անմխիթար վիճակում է: Նրա ասելով իրենք ուսումնասիրության արդյունքներն ուղարկել են մշակույթի նախարարություն, ու Բգավորն ընգրկվել է առաջնահերթ միջամտություն պահանջող եկեղեցիների ցուցակում. «Եկեղեցին կիսավեր է, տանիքը թաղակապ է եղել: 2008-ին պատերից երկուսն ամրացվել են: Համենայնդեպս, ավերված հատվածներում քայքայումը կանխվել է»: Այն, որ այս խայտառակ իրավիճակում պատմական միջավայրի պահպանության պետը դեռ համարում է «քայքայումը կանխված», մեղմ ասած, զավեշտալի է: Ի վերջո, մարդկանց տրված են աչքեր` տեսնելու Բգավոր եկեղեցու վիճակը եւ ուղեղ` հասկանալու, թե ինչքանով է կանխված քայքայումը: Լուսանկարից էլ ակնհայտ երեւում է, որ հյուսիսային պատն առհասարակ ավերված է, քիչ թե շատ ամրացված պատերի վերին հատվածներն էլ գրեթե խարխուլ են: Եվ, վերջապես, ի՞նչ արժե այդ նորոգումը, եթե տանիքը բացակայում է ու տեղումներն իրենց չար գործն են անում: Գերյանն ասաց, որ 2010-ի դեկտեմբերին եկեղեցուց քիչ հեռու կառուցվել է հենապատ հուշարձանը հեղեղներից պաշտպանելու համար: «Իմ տեղեկությամբ այս տարի եւս աշխատանքներ տարվելու են, հնարավոր է նաեւ` 2012-2013 թթ-ին: Դա կախված է բյուջեի հնարավորություններից: Ինչ խոսք, եկեղեցի վերանորոգելն էլ մեկ տարվա գործ չէ, այն երբեմն տասնամյակներ է տեւում»,-փորձեց արդարացում գտնել Արմեն Գերյանը: Իսկ տասնամյակներով եկեղեցի վերանորոգելը, բնականաբար, ձեռնտու է միայն մշակույթի նախարարությանը. բա ինչպե՞ս պետք է գրպանվեն պետության փողերը (ՀՀ վերահսկիչ պալատն այս մասին խայտառակ բացահայտումներ արեց):Յուրահատուկ ճարտարապետական լուծումներ եւ զարդանախշեր ունեցող այս հրաշքն աչքի առաջ ավերվում է: Էլ ի՞նչ բարոյական իրավունքով ենք մենք Թուրքիայի կամ Ադրբեջանի առջեւ պահանջներ դնում: Եվ արդյո՞ք տասնյակ մլն դրամ արժեր ընդամենը երկու պատերի ամրացումը, որի համար ցեմենտբետոնե շաղախի փոխարեն օգտագործվել է հիշյալ ժամանակաշրջանին բնորոշ կրաշաղախ:Այս ամենի վերաբերյալ արված մեր հարցադրումներին մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը խոստացավ պատասխանել երկուշաբթի: ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր




Լրահոս