ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայկական և Շվեյցարական Կարմիր Խաչի պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Հայկական և Շվեցարական Կարմիր Խաչի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով կառույցի՝ բնակչության բոլոր շերտերի, մասնավորապես խոցելի խմբերի խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման, պետական կառույցների հետ համագործակցության կարևորությունը:
Ներկայացնելով տարեցների ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ոլորտում ներկայիս որդեգրած քաղաքականությունն ուղղված է ամբողջական գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրմանը:
«Վերջին տարիներին կարևորում ենք ոչ միայն դրամական վճարներով սոցիալական աջակցությունը, այլև՝ սոցիալական վերականգնողական ծառայությունների, ցերեկային կենտրոնների, փոքր տների մոդելների կիրառումը: Այսօր փորձում ենք դուրս գալ տարեցների շուրջօրյա մեծ հաստատությունների համակարգից, և համայնքային սոցիալական ծառայությունների և ՀՀ կառավարության կողմից հաստատված տարբեր մոդելների միջոցով իրականացնել այն քաղաքականությունը, որն ուղղված է տարեցների կենսաապահովման պայմանների բարելավմանը և հասարակական կյանքում առավելագույնս ներգրավված լինելուն»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
Տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցության մասին խոսելիս՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիրը, որը հարթակ է ստեղծում սոցիալական ոլորտի պետական ծրագրերը համատեղ քննարկելու, հասցեականությունը բարձրացնելու և բոլոր կողմերի ջանքերի միավորմամբ ոլորտի խնդիրները լուծելու համար:
Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը անդրադարձել է նաև զբաղվածության և հաշմանդամության ոլորտի բարեփոխումներին, ներդրված նոր ծրագրերին:
Պատվիրակության անդամները իրենց հերթին ներկայացրել են Հայաստանի երկու մարզերում մեկնարկող տարեցների խնամքի և առողջ ծերացմանն ուղղված ծրագիրը: Այնուհետև, շնորհակալություն հայտնելով սոցիալական ոլորտի ծրագրերի համապարփակ ներկայացման համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց փորձագիտական ներուժով, կարողություններով և միջոցներով առաջիկայում ևս աջակցել սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Հասարակայնության հետ կապերի բաժին