Մասնագիտական բարձր պատրաստվածության կադրերի պակաս չունեցող դաշնակցությունը ինչո՞ւ կասկածի տակ դրեց իր կուսակցի գործունեությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի թիվս այլ վերանշանակումների, նախարարի պաշտոնում վերանշանակվեց նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Մի տարբերությամբ, սակայն, որ պարոն Մինասյանը, ընդամենը 6 ամիս զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, երեկ նշանակվեց արդեն բնապահպանության նախարարի պաշտոնում:

Այդպիսով՝ պահպանելով կոալիցիոն համաձայնությամբ իրեն հատկացված երեք նախարարական պորտֆելները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, այնուամենայնիվ, ստիպված եղավ գնալ որոշակի զիջման՝ կոնկրետ Արծվիկ Մինասյանի կողմից պորտֆելի փոփոխության, էկոնոմիկայի այլեւս անվանափոխված նախարարության ղեկավարումը թողնելով Կարեն Կարապետյանի համար առավել նախընտրելի թեկնածուի:

Թե որքանով այդ թեկնածուն ավելի արդյունավետ կաշխատի, ցույց կտա ժամանակը, սակայն այն, թե ՀՅԴ-ն ինչպիսի պատճառաբանություն ներկայացրեց Արծվիկ Մինասյանի «պորտֆելափոխության» համար, բավականին տարակուսելի էր:

Մասնավորապես՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը «չունի բիզնեսի հետ առնչություն», իսկ նոր վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում «բիզնես մտածողությամբ անձի է տեսնում»: Պարոն Վարդանյանի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արծվիկ Մինասյանը չուներ բիզնես մտածողություն, եւ այստեղ հարց է ծագում. եթե դա այդպես էր, ապա ինչու էր ՀՅԴ-ն բիզնեսի կայացման եւ զարգացման համար առանցքային՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել մեկին, ով չուներ բավարար բիզնես մտածողություն:

Լավ, գիտենք, որ եթե Դաշնակցությունը որոշի, ապա Գեղամ Մանուկյանն անգամ «լողի չեմպիոն» կդառնա, իսկ Արծվիկ Մինասյանն էլ, փաստորեն, էկոնոմիկայի նախարարից կդառնա բնապահպանության նախարար, բայց ինչ կարիք կա նման հայտարարություններով հարվածի տակ դնել սեփական կուսակցի կարողությունները: Առավել եւս, երբ խոսքը այնպիսի դրական առումով բացառության մասին է, ինչպիսին Արծվիկ Մինասյանն է:

Մյուս կողմից էլ Դաշնակցությունը մշտապես հայտարարել է, որ իրենք մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի պակաս չունեն, եւ եթե դա այդպես է, գուցե այդուամենայնիվ, ՀՅԴ-ն բնապահպանության նախարարի այլ թեկնածու առաջարկեր, այլ ոչ թե նախ՝ նման հայտարարություններով կասկածի տակ դներ Արծվիկ Մինասյանի՝ մինչ օրս ծավալած գործունեությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ապա հայտարարեր, թե «նրա կարողությունները լիուլի կհերիքեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելու համար»: Ամեն դեպքում, Արծվիկ Մինասյանի պաշտոնավարումից՝ արդեն որպես բնապահպանության նախարար, մեր ակնկալիքները դրական են:




Լրահոս