ՀՀ նախագահի հրամանով երեկ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նախկին առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչ բարեփոխումների կարիք ունի առողջապահության նախարարությունը և կա՞ արդյոք մի խնդիր, որը չի լուծվել Արմեն Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում և պետք է անհապաղ օրակարգ մտնի Լևոն Ալթունյանի ժամանակ:
Մեր այս հարցին ի պատասխան` Արարատ Մկրտչյանը նշեց. «Մի քիչ դժվարանում եմ պատասխանել: Առողջապահական խնդիրները բազմազան են, որքան բարդ է մեր հասարակությունը, այնքան բարդ է մարդն իր առողջությամբ: Իհարկե, այսօր չլուծված շատ ու շատ խնդիրներ կան»:
Մեր զրուցակցը գտնում է, որ կոնկրետ խնդիրների վրա այժմ չի կարող հիմնվել, քանի որ նախարարը նոր է նշանակվել և առաջիկայում սպասվում է կառավարության ծրագրի ներկայացում, որտեղ կներկայացվի նաև առողջապահության մասով ծրագիր:
Իսկ Լևոն Ալթունյանի մասին Արարատ Մկրտչյանը ոչինչ չնշեց, քանի որ ծանոթ չէ նրա գործունեությանը և մարդկային որակներին:
Լիդա Եղիազարյան