Նոր գյուղնախարարը փոխանակ մեխանիզմներ մշակելու, գյուղացու կողքին կանգնելու, նրանց առաջարկում է դառը դատե՞լ, դատա՞րկ նստել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն այցելել էր Վայոց ձորի մարզ՝ տեղում քննարկելու խաղողի մթերման գործընթացի հետ կապված խնդիրները: Նրա առաջին կանգառը Աղավնաձորում էր, որտեղ նախարարը հանդիպեց դեռեւս անցած տարի մթերված խաղողի դիմաց իրենց գումարները չստացած գյուղացիների հետ: Ու թեեւ նա տեղեկացրեց, որ առաջիկայում աղավնաձորցիներն, ի վերջո, կստանան իրենց բերքի դիմաց վճարները, սակայն հանդես եկավ բավականին տարակուսելի հայտարարություններով: Ըստ էության, պետության կողմից մինչ օրս գյուղացիներին գործուն մեխանիզմներ չառաջարկելու եւ որեւէ աջակցություն չցուցաբերելու փաստն անտեսելով՝ գյուղնախարարը հենց գյուղացիներին մեղադրեց բարձր ինքնարժեքով մթերք արտադրելու մեջ.«Վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գնով դուրս գա շուկա, դրա համար իրեն պետք է՝ գյուղմթերքն էժան լինի, գյուղմթերքն էժան լինելու համար դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, ձեւ գտնեք այնպիսի գյուղմթերք աճեցնելու, որ ինքնարժեքը ցածր լինի։ Միջազգային փորձագետները ձեզ խորհուրդներ կտան»:

Փաստորեն, տարիներ շարունակ կոնյակի գործարանում աշխատած գյուղնախարարը այդպես էլ չի հասկացել, որ ինքն այլեւս պետք է մտածի ոչ միայն մթերողների խնդիրների մասին, այլեւ իր անմիջական պարտավորությունն է հենց գյուղացիների համար բարենպաստ պայմանների ապահովումը, որպեսզի նրանք կարողանան ցածր ինքնարժեքով գյուղմթերք աճեցնել: Եվ փոխանակ ասելու՝ մենք պետք է մեծ աշխատանք կատարենք, ձեւ գտնենք, գործարանի տնօրենի մտածողության մակարդակում մնացած նախարարը գյուղացիներին է ասում՝ դուք պիտի կատարեք, դուք պիտի անեք: Ավելին՝ նա, ըստ էության, սպառնում է գյուղացիներին՝ ասելով. «Ճանապարհ մի՛ փակեք, դուք դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, ո՛չ էլ խնդրելու եմ որեւիցե մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է, գործարանը կգա, կասի՝ ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնեք այս վիճակում»։

Փաստորեն, գյուղնախարարը գյուղացիներին ասում է՝ կա՛մ ձեր աճեցրած բերքը կոպեկներով վաճառեք մթերողին, կա՛մ թողեք՝ դաշտում փչանա: Լավ, բայց այդ դեպքում որն է գյուղնախարարության դերն ու նշանակությունը: Այդ դեպքում ինչու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր տված հարկերի հաշվին պահում նման մի պորտաբույծ գերատեսչություն, որը փոխանակ մեխանիզմներ մշակելու, օրուգիշեր աշխատելու եւ առաջնահերթ գյուղացու կողքին կանգնելու, նրանց առաջարկում է դառը դատել, դատարկ նստել: Սա ուղղակի խայտառակ մտածողություն է: Եւ եթե սա է նոր գյուղնախարարի բիզնես մոտեցումը եւ «համարձակ, ոչ ստանդարտ քայլեր անելու կարողությունը» /ինչի մասին ասել էր Կ. Կարապետյանը/, վայն եկել-տարել է ՀՀ գյուղացուն:




Լրահոս