Հարց քաղաքացիներից` ո՞վ իրավունք ունի լինել անհատ ձեռնարկատեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ իրավունք ունի լինել անհատ ձեռնարկատեր, եւ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար:

Իրինա Մանուկյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, եւ պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում – անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) եւ պատճենը,

– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները եւ փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:




Լրահոս