Հարց քաղաքացիներից` անձը կարո՞ղ է որոշակի տեղեկություններ ստանալ իր վճարած եկամտային հարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձը կարո՞ղ է որոշակի տեղեկություններ ստանալ իր վճարած եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի մասին:

Լարիսա Կիրակոսյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (հարկային մարմինը) վարելու է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված աշխատողների եւ նրանց գործատուների, ինչպես նաեւ ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների կատարած նպատակային սոցիալական վճարի եւ եկամտային հարկի անձնավորված հաշվառում: Յուրաքանչյուր աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար պետական եկամուտների կոմիտեում բացված է անհատական հաշիվ, որը հիմնված է անձի հանրային ծառայության համարանիշի վրա:

Անձի անհատական հաշվում գրանցվում է, թե որքան է կազմել տվյալ անձի բազային եկամուտը (աշխատավարձը եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացվող այլ եկամուտները) հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար՝ յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար յուրաքանչյուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի գումարները եւ որքա՞ն կուտակային վճար է կատարվել:

Անձնավորված հաշվառման համակարգում ամփոփված տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար: Նա իր վերաբերյալ տեղեկատվությանը կարող է ծանոթանալ համացանցի օգնությամբ՝ մուտք գործելով անձնավորված հաշվառման համակարգի իր էջը նույնականացման քարտի եւ քարտ կարդացող սարքի միջոցով, կամ կարող է իր անհատական հաշվի գրավոր քաղվածքը պահանջել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումից: Անհատական հաշվի քաղվածքը տարին մեկ անգամ անձին կտրամադրվի անվճար, իսկ նույն տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի անգամ գրավոր տեղեկատվության տրամադրումն անձի համար կլինի վճարովի:

Այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրվելու (գործատուի փոփոխության) դեպքում, աշխատողի կողմից եկամտային հարկ եւ նպատակային սոցիալական վճար կատարելու (հարկային գործակալի) պարտականությունը կատարելու է նոր գործատուն: Այդ աշխատողի համար ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում անհատական նոր հաշիվ չի բացվում, այլ ստացված տեղե-կատվությունը մուտքագրվում է աշխատողի արդեն իսկ բացված անհատական հաշվին:

Մասնակիցը նպատակային սոցիալական վճարների մասին տեղեկությունները կարող է ստանալ կենսաթոշակային հաշվի նախորդ տարվա տարեկան հաշվետվության եւ կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների տեղեկանքի միջոցով: Սույն հաշվետվությունների միջոցով մասնակիցը կարող է տեսնել իր եւ պետության կողմից կատարված նպատակային սոցիալական վճարների մասին տեղեկությունները ցանկացած ժամանակահատվածի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Ի դեպ, եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից:




Լրահոս