«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Անկեղծ, բաց, երբեմն էլ անսպասելի հարցուպատասխանի միջոցով մենք ընթերցողներին հնարավորություն կտանք ծանոթանալու արդեն ճանաչված անձանց, նորովի բացահայտելու նրանց էությունը եւ անդրադառնալու նրանց կյանքից քչերին հայտնի դրվագների: Այս անգամ մեր զրուցակիցը հայկական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է` երգչուհի, նաեւ հաղորդավարուհի Քրիստինե Պեպելյանը:
-Եթե ոչ Քրիստինե, ապա ինչպե՞ս կցանկանայիք, որ Ձեզ անվանակոչեին:
-Մարիամ. դա կնունքիս ժամանակ եկեղեցու կողմից ինձ տրված անունն է:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ազդել Ձեր որոշումների վրա:
-Իրավիճակներն ու հանգամանքները:
-Եթե 10 պատվիրաններին ավելացնեիք եւս մեկը, ո՞րը կլիներ:
-Անտարբեր մի՛ եղիր:
-Իրավիճակ, երբ կամքի ուժ եք դրսեւորել եւ ինքներդ Ձեր արարքից գոհ մնացել:
-Չգիտեմ, դա կամքի ուժի դրսեւորում էր, թե ոչ, բայց ես գոհ էի, որ ապրիլյան պատերազմով պայմանավորված` հետաձգեցի Միացյալ Նահանգների իմ մենահամերգը:
-Ձեր ասպարեզի ամենատհաճ երեւույթը:
-Երեւի իմ բնույթն այնպիսին է, որ թույլ չի տալիս հաճախ հանդիպել տհաճ իրավիճակների. ինքս երեւույթները բարդացնող մարդ չեմ: Երեւի թե չկա մի ոլորտ, որտեղ տհաճ իրավիճակներ չլինեն: Բայց դրանք տեւում են մի քանի ժամ կամ մի քանի րոպե. ամեն բան անցողիկ է:
-Մարդը միշտ պետք է կարողանա…
-Ինքն իրեն ժամանակ տալ: Այդ դեպքում ամեն հարց իր պատասխանը կստանա:
-Փողի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Եթե ունես փող, միշտ պատրա՛ստ եղիր այն կիսել մարդկանց հետ: Փողն արժեք չէ, այլ մի բան, որը մարդիկ աշխատում են` իրենց կյանքում շատ հնարավորություններ ստեղծելու համար:
-Ձեր բանաստեղծը:
-Ես Սահյան եմ սիրում, նա է իմ գրողը:
-Հատկություն, որ մարդիկ Ձեր մեջ առաջինն են նկատում:
-Բաց լինելը:
-Կատեգորիկ դեմ եք ինչի՞ն (եթե կա նման բան):
-Միանշանակ ոչինչ չկա կյանքում: Այս պարագայում եւս իրավիճակներն են թելադրողն ու որոշիչը: Մի իրավիճակում կարող են լինել կատեգորիկ բաներ, մյուսում ոչ:
-Հումորի, ինտելեկտի թե՞ էսթետիկայի պակասն է վանում Ձեզ:
-Թերեւս, ըստ հերթականության. հումորով մարդկանց շատ եմ սիրում, ինտելեկտուալ մարդկանց կարիքը միշտ ունեմ, իսկ էսթետիկան հաճելի է, բայց միշտ չէ, որ առաջին պլանում է:
-Ո՞ւմ առջեւ եք ամենաանկեղծը:
-Ինքս իմ:
–Ավելի շատ տվող տեսակ եք, թե՞ վերցնող:
-Դա փոխկապակցված գործընթաց է: Ես վերցնում եմ եւ դրա հաշվին կարողանում եմ կուտակել լիցքեր` տալու համար: Բայց, ընդհանուր առմամբ, երեւի թե ավելի շատ տալիս եմ, քան մտածում վերցնելու մասին:
-Անցյալի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Անցյալիս հետ հաշտ եմ, թեեւ, իհարկե, տարիներն ավելացնում են իմաստությունը:
-Բնության տարերքներից որի՞ հետ եք Ձեզ ասոցացնում:
-Անձրեւի. ես երկինք շատ եմ սիրում:
-Ձեր նկարիչը:
-Նայած թե ինչ տրամադրություն ունեմ… Մարտիրոս Սարյանը լավն է…
-Կյանքի այս փուլում Ձեր երեք գլխավոր նպատակները:
-Առաջինը` փորձել արժանի զավակ լինել մորս համար, երկրորդը` առողջ լինել, որ կարողանամ օգնել մարդկանց: Եվ երրորդ` թող Աստված որեւէ բան կամենա ինձ…
-Եվ վերջում, կյանքի գլխավոր օրենքը:
-Ես հավատում եմ բումերանգի կանոնին. այն ինչ տալիս ես մարդուն, անպայման հետ կգա քեզ` ե՛ւ ուրախությունները, ե՛ւ տխրությունները:
Աննա Բաբաջանյան