Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է կազմվում ժառանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է կազմվում ժառանգությունը: Ի՞նչ գործընթաց է պահանջում այն:

Նուբար Մնացականյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու գույքային եւ որոշ անձնական ոչ գույքային իրավունքների եւ պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց: Հայաստանում ժառանգությունն իրականացվում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ընդ որում, կտակը առավելություն ունի. ինչքան էլ բարեկամները դժգոհ լինեն, ժառանգությունը կանցնի օտար մեկին, եթե դա էր հանգուցյալի կամքը` գրավոր տեսքով ձեւակերպված եւ նոտարով հաստատված:

Ժառանգությունը գույք է, որը բաղկացած է. գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից եւ այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո՝ մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:

Ժառանգության կազմի մեջ չեն մտնում ժառանգողի անձի հետ անբաժանելիորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` իրավունքներ ապրուստադրամի, քաղաքացու կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման նկատմամբ, ինչպես նաեւ իրավունքներ եւ պարտականություններ, որոնց անցումը ժառանգության կարգով չի թույլատրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, կամ այլ օրենքներով:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգության կազմի մեջ չեն մտնում նաեւ անձնական ոչ գույքային իրավունքները եւ այլ ոչ նյութական բարիքներ:




Լրահոս