Գյումրիում առեղծվածային մահվան դեպքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հոկտեմբերի երկուսից հետո կգա երեքը, եւ մենք բոլորս կշարունակենք ապրել այս քաղաքում»,- Գյումրիում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել ավագանու` ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանը` անդրադառնալով որդու` 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան շուրջ պտտվող լուրերին:

Վարդեւան Գրիգորյանը կոչ էր արել գյումրեցիներին եւ բոլոր ընտրողներին զսպվածություն դրսեւորել եւ որդու հետ տեղի ունեցածը չշահարկել:
Իսկ արդեն հոկտեմբերի երկուսին լրագրողների հետ զրույցում Վ. Գրիգորյանը նշել էր, որ տեղի ունեցածը պետք չէ քաղաքականացնել:

Արշակ Գրիգորյանի առեղծվածային մահից անցել է արդեն ավելի քան տասը օր, սակայն իրարամերժ վարկածներն ու գնահատականները շարունակվում են շրջանառվել:

Մինչ այս պահը հանրությանը չի ներկայացվել` որն է ինքնասպանության մոտիվացիան: Ինչպես հայտնի է` նախաքննական մարմինը դեպքի օրը` սեպտեմբերի 21-ին, պաշտոնապես հայտարարեց` նախնական վարկածով` կատարվածն ինքնասպանություն է: Որոշ կարծիքների համաձայն` Արշակը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով է մահացել: Իսկ, ահա, գյումրեցիների մեծ մասն էլ մինչ օրս վստահ է, որ Արշակ Գրիգորյանի մահվան դրդապատճառը եղել է մեծ աղմուկ բարձրացրած «զառերով պաստառը», որը տեղադրել էր ընտրություններում հաղթանակած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը:
Գրիգորյանները տեղի ունեցածը ինքնասպանություն են որակում, իսկ իրավապահները փորձում են ապացուցել հենց այդ վարկածը:
Եվ մինչ քննություն է ընթանում, հարցերն ավելի են շատանում:

Բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների նախորդ օրը` հոկտեմբերի 1-ին, համացանցով տեսանյութ տարածվեց, որը վերաբերում էր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Տեսանյութում, մասնավորապես, ներկայացվում էր, թե պատգամավորը նախկինում ինչ քրեական պատմությունների մեջ է ընկել, գյումրեցիներին դրսից ուղարկված օգնություն կաթի փոշին ինչպես է իրացրել, ապա կալանավորվել:

Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համառ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ այն Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռագիրն է: Ըստ այդ լուրերի` ՀՀԿ-ն փորձ է արել այդկերպ վարկաբեկել Գյումրիում առաջադրված մյուս թեկնածուներին, եւ չի բացառվում, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությանն ուղղորդած լինի հենց ՀՀԿ-ն: Հիշեցնենք, որ այդ կուսակցության փաստացի հիմնադիրը հենց Սամվել Բալասանյանի որդին է:

Իսկ թե ինչ է պարզվել քննությամբ այս տասն օրերին ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանից:

Հիշեցնենք` Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին նախորդող օրերին ողջ քաղաքը լարվել էր թեկնածուներից մեկի՝ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան հանգամանքից: Դեռեւս չպարզված հանգամանքներում Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերել էին տան նկուղում, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրականում գտել են ավտոտնակում: ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է պնդել, որ դին հայտնաբերվել է նախապես հրապարակված վայրում, իսկ ականատեսները, օրինակ, ԲՀԿ-ական Միքայել Մանուկյանը, վստահեցնում է երկրորդ տարբերակը՝ ավտոտնակը, որը ունի երկու մուտք՝ բակից եւ փողոցից:
Այսպիսով՝ հարցերը գնալով շատանում են, իսկ պատասխաններ դեռեւս չկան:

Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նշենք, որ մեր հարցադրումներով, մասնավորապես, փորձել ենք պարզել ինքնասպանության մոտիվացիան: Կա՞ն արդյոք ձեռք բերված փաստեր, որոնք կապացուցեն ինքնասպանության վարկածը, եւ դիակի արտաքին զննությամբ հնարավո՞ր է միանշանակ քննությունը տանել հենց այդ ուղղությամբ: Մեր հարցադրումներին ի պատասխան` ՇՄ գլխավոր դատախազի պաշտոնակատարը նշեց, որ նախաքննական գաղտնիությունը պահպանելու համար մանրամասն տեղեկություններ տրամադրել չի կարող, սակայն միաժամանակ հայտնեց, որ այս պահին հայտնի չէ` ում է պատկանում հրազենը, որից արձակվել է մահացու կրակոցը (հիշեցնենք, որ հարուցվել է ինչպես ինքնասպանության հասցնելու, այնպես էլ ապօրինի կերպով հրազեն կրելու հատկանիշներով):

Ստորեւ ներկայացնում ենք հարցերը, որոնք ուղղել ենք Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանին:

-Պարո՛ն Գաբրիելյան, փորձաքննությամբ պարզվե՞լ է` որ ձեռքով է արձակվել կրակոցը` ա՞ջ, թե՞ ձախ, եւ ի՞նչ հեռավորությամբ վրա է եղել ձեռքը հրազենային վիրավորում ստացած հատվածից:

-Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ձեր կողմից նշված հարցերի պատասխանները կստանանք եզրակացությունը ստացվելուց հետո:

-Իսկ կարո՞ղ եք ասել` հրազենային վիրավորում ստացած հատվածում եղե՞լ է վառոդի հետքը: Այսկերպ, ինչպես հայտնի է, պարզ կդառնա կրակոցը ինչ հեռավորությունից է արձակվել: Շատ մոտ լինելու դեպքում հետքը, ըստ քրեագետների, պետք է մնա…

-Այս հարցի պատասխանը եւս միայն փորձաքննությունից հետո կիմանանք…

-Հայտնի՞ է, թե ինչ դիրքով են հայտնաբերել մահացածի դիակը:

-Դա նախաքննական գաղտնիք է:

-Իսկ հրազենը մահացածի ձեռքո՞ւմ է եղել:

-Սա եւս նախաքննական գաղտնիք է:

Մեր վերջին հարցերին` հրազենի վրա եղե՞լ է մահացածի մատնահետքը, եւ հայտնի՞ է՝ արդեն մահը վրա հասնելու եւ կրակոցն արձակելու միջեւ ժամանակային տարբերությունը որքան է եղել, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց, որ ամեն բան պարզ կդառնա փորձաքննություններից ստացված եզրակացություններից հետո:
Մնում է սպասել քննության ավարտին` հուսալով, որ օբյեկտիվ պատասխանները հանրությանը հայտնի կդառնան:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս