Երեկ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը չեղարկել է իր այցը Երեւան՝ «առողջական խնդիրների պատճառով»: Նշենք, որ Նազարբաեւը պետք է պաշտոնական այցով նախ՝ հոկտեմբերի 12-ին ժամաներ Բաքու, ապա՝ արդեն այսօր՝ Երեւան: Գոնե նվազագույն դիվանագիտական էթիկան պահպանելու նպատակով՝ նա ստիպված եղավ չեղարկել նաեւ Բաքու այցը: Սակայն անխոս՝ Նազարբաեւի այս «դիվանագիտական մրսածությունը» շատ հստակ ակնարկ էր, որն այս գործիչը վերջին ամիսներին արդեն երկրորդ անգամ է անում՝ ի ցույց դնելով իր վերաբերմունքը Հայաստանի եւ նրա ղեկավարի հանդեպ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրա պատերազմից մի քանի օր անց՝ ապրիլի 12-ին էլ հենց Նազարբաեւի պահանջով չեղարկվեց Երեւանում պլանավորված ՀԱՊԿ գագաթաժողովը, ինչի արդյունքում Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ ինքը մեկնել Մոսկվա, որտեղ էլ անցկացվեց այդ գագաթաժողովը: Հայաստանի վարչապետի այս քայլը դեռ այն ժամանակ արժանացավ բուռն քննադատության, սակայն մոսկովյան գագաթաժողովի ընթացքում հատուկ ասվեց, որ հաջորդ գագաթաժողովը լինելու է Երեւանում, եւ որ Նազարբաեւը առաջիկա ամիսներին պաշտոնական այցով կժամանի Երեւան: Սակայն փաստորեն՝ այդ ամենը պարզապես ձեւական բնույթ էր կրում եւ նպատակ ուներ մեղմել Հայաստանում առկա դժգոհությունը: Եւ հիմա, երբ արդեն որոշ ժամանակ է անցել, Նազարբաեւը վերահաստատեց, որ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ որեւէ փոփոխություն չի կրել: Անսպասելի՞ էր սա հայկական կողմի համար, բնականաբար ո՛չ: Նույն Նազարբաեւը, հիշեցնենք, բավականին ագրեսիվ կերպով ընդդիմանում էր նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը:
Ինչպես հիշում ենք` նա 2014 թ. հունիսին կայացած ԵՏՄ նախագահների գագաթաժողովում ընթերցելով Ադրբեջանի նախագահի նամակը՝ հայտարարեց, որ իր թանկագին բարեկամի՝ Իլհամի մտահոգությունները իր մտահոգություններն են: Եվ հանուն արդարության` հարկ է արժանին մատուցել Նազարբաեւին, որն իր արյունակից եղբայրների նկատմամբ նման անփոփոխ հավատարիմ վարքագիծ է դրսեւորում՝ անտեսելով բոլոր տեսակի պայմանագրային պարտավորությունները՝ այդ «եղբայրների» հետ հակասություններ ունեցող երկրների հանդեպ: Իհարկե, Հայաստանը, ի վերջո, անդամակցեց ԵՏՄ-ին, ընդ որում՝ առանց ԼՂՀ հետ մաքսակետի տեղադրման, ինչի վրա այդքան պնդում էին թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը: Սակայն դրանից Հայաստանը, մեղմ ասած, ոչինչ չշահեց: Եվ հիմա էլ, վստահաբար, շատ բան չի շահում` ՀԱՊԿ-ում ունենալով այնպիսի գործընկերներ, ինչպիսիք Ղազախստանն ու Բելառուսն են: Էլ չենք խոսում Ռուսաստանի՝ որպես դաշնակից հուսալիության մասին:
Անշուշտ, հասկանալի է, որ մեր աշխարհագրական դիրքը եւ քաղաքակրթական ընտրությունը «իսկական բարեկամների» մեծ ընտրանի չի առաջարկում: Խնդիրն այն է, թե մենք որքանով ենք կարողանում լեզու գտնել «ոչ բարեկամների» հետ՝ եթե ոչ նրանց մեր շահերին ծառայեցնելու, ապա առնվազն դրանց չխանգարելու առումով: