ՀԱՐՑ-Ճանապարհային ոստիկանության տեսախցիկը ֆիքսո՞ւմ է այն մեքենաների արագությունը, որ դիմացից են գալիս ու հեռու են ՃՈ մեքենայից: Ինչպե՞ս է ֆիքսում: ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ, 36 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտային միջոցի արագության չափման «Իսկրա 1 Դ» սարքի տեխնիկական բնութագրիչների համաձայն՝ նշված սարքով հնարավոր է չափել ինչպես համընթաց, այնպես եւ հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցների արագությունը ընդհուպ մինչեւ 250կմ/ժ-ը, ընդ որում ճանապարհապարեկային ծառայության այն տրանսպորտային միջոցի թույլատրելի արագությունը, որում տեղադրված է չափիչ սարքը, 100 կմ/ժ-ն է:ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն, եթե ճանապարհային ոստիկանները 100 կմ/ժ արագությունից ավելի վարեն մեքենան, քաղաքացիները պետք է կանգնեցնեն տեսուչներին եւ «տուգանեն»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ճանապարհային ոստիկանությունն այդպես էլ չի պատասխանել հարցին, թե ինչպես է չափիչ սարքը ֆիքսում հանդիպակաց մեքենայի արագությունը: Այսինքն` նույնիսկ գրավոր հարցադրմանը այդ կառույցում չեն կարողանում պատասխանել: Նշենք նաեւ, որ հաճախ, երբ արագության գերազանցման համար կանգնեցված մեքենայի վարորդը պահանջում է ոստիկաններից ցույց տալ սարքի վրա ֆիքսված արագության չափը, ՃՈ աշխատակիցները «ցրում» են «ջնջվեց», «դա կարեւոր չէ» կամ այլ «ստանդարտ» պատասխաններով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ