Չնայած հերքումներին և հավաստիացումներին` դեֆոլտի ուրվականն այլևս մնալու է հանրային քննարկումների տիրույթում. Տեր-Պետրոսյանը զգալի հարված հասցրեց Սերժ Սարգսյանի ծրագրերին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ բավականին անսպասելի հայտարարությամբ, որը վերնագրված էր «Ահազանգ»: «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- ասված էր այդ կարճ ուղերձում: Ոչ մի հավելյալ տվյալ, վերլուծութուն կամ հիմնավորում. ընդամենը ՀՀ տնտեսության կրախի մասին հայտարարություն, որը երեկ արդեն իսկ հասցրեց լուրջ ցնցում առաջացնել Հայաստանում:

Տեր-Պետրոսյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց Կենտրոնական բանկը՝ հավաստիացնելով, որ դեֆոլտի համար որեւէ նախադրյալ չկա, եւ որ ՀՀ-ն ամբողջությամբ իրականացնում է իր բոլոր ֆինանսական պարտավորությունները: Նույնաբովանդակ հայտարարություններով լրատվական դաշտը ողողեցին տարբեր տնտեսագետներ, այդ թվում եւ ընդդիմադիր դաշտից: Սակայն, չնայած այդ հերքումներին եւ հավաստիացումներին, կասկածից դուրս է, որ դեֆոլտի ուրվականն այլեւս մնալու է հանրային քննարկումների տիրույթում:

Այն փուլում, երբ Ս. Սարգսյանը երկրի տնտեսության առողջացումը ռուսական «Գազպրոմի» ներկայացուցչին վստահելու եւ անգամ իրեն հավատարիմ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներից ազատվելու գնով գնաց հանրության մեջ դրական սպասելիքներ ձեւավորելու հրամայականի իրագործմանը, Տեր-Պետրոսյանն իր մեկ նախադասությունից բաղկացած հայտարարությամբ ջուրը գցեց այդ ամենը:

Դեռ չենք խոսում սրան միջազգային ֆինանսական կազմակերպությունների արձագանքի մասին, որը, թերեւս, կլինի մոտ առաջիկայում եւ վստահաբար կտարբերվի պաշտոնապես հրապարակվելիք հաղորդագրության բովանդակությունից: Եվ ուրեմն, արդեն հիմա կարող ենք արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը զգալի հարված հասցրեց Ս. Սարգսյանի ծրագրերին:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Եթե իսկապես երկիրը դեֆոլտի շեմին էր, եւ հենց դա էր այդ «ահազանգը» հնչեցնելու պատճառը, ապա Տեր-Պետրոսյանը հանգիստ կարող էր Ս. Սարգսյանից հերթական անգամ ընդունելություն խնդրել՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար. մի բան, որ նա արդեն իսկ արել է 2015թ. փետրվարին՝ Ցեղասպանության հռչակագրի հետ կապված: Հաջորդող ամիսներին նա եւս մեկ անգամ նման փորձ արեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ Ս. Սարգսյանի հետ հանդիպեց, ապա հանդես եկավ վերջինիս սատարող հայտարարությամբ՝ արդեն «Սասնա ծռերի» գործողությունների փուլում: Եվ այն, որ նա հիմա ՀՀ-ի ներքին վիճակի ապակայունացմանն ուղղված այսպիսի հայտարարություն է անում, տեղիք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները խախտել են ինչ-ինչ պայմանավորվածություններ: Վերջին ՏԻՄ ընտրութուններում ՀԱԿ-ի արձանագրած, մեղմ ասած, համեստ արդյունքները, համենայնդեպս, մտածելու տեղիք են տալիս:




Լրահոս