
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է հայտնի շախմատիստ, Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին: Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Դուք շախմատային տաղանդավոր սերնդի փայլուն ներկայացուցիչներից մեկն եք, ում մարզական հարուստ կենսագրությունն աչքի է ընկնում ոչ միայն խաղատախտակի առջեւ բազմաթիվ նվաճումներով, այլեւ շախմատի` որպես արվեստի հանդեպ ստեղծագործական յուրահատուկ մոտեցմամբ:
Լինելով գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը` Դուք մշտապես բարձր եք պահել թե այդ մարզական կոչումը, թե մեր ժողովրդի պատիվը: Այսօր Դուք Ձեր տաղանդը, գիտելիքն ու փորձը ծառայեցնում եք շախմատի մասսայականացմանն ու նոր սերնդին հայկական շախմատի հետագա նվաճումներին նախապատրաստելուն»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք: