Ֆրանսիան, ինչպես և Գերմանիան հասկացել են, որ Թուրքիային անհրաժեշտ է զսպաշապիկ հագցնել. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը պատահական չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ձայների 156 կողմ, 146 դեմ հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Հավասարություն եւ քաղաքացիություն» օրենքի բարեփոխված տարբերակը, դրանում առկա են նաեւ այն հոդվածները, որոնցով Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Սենատը օրենքի նախագծից հանել էր այն երկու հոդվածները, որոնց սահմանումները վերաբերում էին նաեւ Հայոց ցեղասպանությանը: Երեկվա քվեարկությամբ, փաստորեն, Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունեց օրենքը, մի բան, որ արդեն իսկ եղել է մեկ անգամ՝ 2011թ-ին, երբ, սակայն, համապատասխան դիմումի հիման վրա Սահմանադրական խորհուրդը չեղարկեց օրենքը՝ համարելով, որ այն հակասություն ունի Ֆրանսիայի Սահմանադրության հետ: Ներկայումս եւս նման հավանականությունը բացառել չի կարելի, առավել եւս, որ թուրքական իշխանությունները շատ ակտիվ կերպով աշխատում են այդ ուղղությամբ: Եվ, այնուհանդերձ, Սենատը գնաց այդ որոշմանը, ինչը, բնականաբար, պայմանավորված էր աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով. ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացմամբ եւ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունների սրմամբ:

Առաջին անգամը չէ, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ֆրանսիան, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձնում են իրենց քաղաքական շահերի սպասարկման գործիք, եւ հայ ժողովուրդն արդեն բավականին հանգիստ է ընդունում նման գործընթացները՝ առանց նախկին էմոցիոնալ վերաբերմունքի եւ պատրանքների: Ուստի եւ առանձնակի ոգեւորություն կարծես թե չկա, ավելին՝ կա որոշակի թերահավատ վերաբերմունք, որ Ֆրանսիան, ի վերջո, կգնա այդ քայլին՝ վտանգելով Թուրքիայի հետ ունեցած բազմամիլիարդանոց տնտեսական նախագծերը:

Ներկայիս իրավիճակում, սակայն, վերը նշված գործոնները կարող են շատ կարեւոր նշանակություն ունենալ, առավել եւս, որ Թուրքիան այն նույն Թուրքիան չէ, ինչպիսին էր 2011թ-ին: Ներկայումս Էրդողանի՝ Եվրոպայի դեմքին նետած ձեռնոցները, անկանխատեսելի վարքն ու այլեւս անթաքույց բռնատիրական-կայսերապաշտական քաղաքականությունը չեն կարող չմտահոգել ԵՄ երկրներին, առավել եւս, որ այդ ամենն արժանանում է Ռուսաստանի անթաքույց քաջալերանքին: Եվ, ուրեմն, Ֆրանսիան, ինչպես եւ մի քանի ամիս առաջ Գերմանիան հասկացել են, որ Թուրքիային անհրաժեշտ է զսպաշապիկ հագցնել, ինչին էլ միտված էր այս երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի եւ օրինագծի ընդունումը:

Հ. Գ. Այս համատեքստում ուշագրավ էր, որ հենց երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ հիշատակելով արդեն մոռացված Ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման մասին:




Լրահոս