ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱՐՎԱԾ ԼԱՎՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ. ԳՈՐԾԸ ԿԿԱՐՃԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ էին արձակվել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Վերջիններս, ինչպես հայտնի է, մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ այդկերպ պետբյուջեից 2 միլիարդ դրամ հափշտակելու մեջ: Նրանց բոլորի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Այս աղմկահարույց գործով առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ այն հասնում է ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին: Ու պատմության մեջ նվազ կարեւոր չէ այն, որ մինչ գործի բացահայտումը, 2014 թվականին առողջապահության նախարարությունից որոշ աշխատակիցներ են հեռացվել:

Քաղաքական որոշումը
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կանխատեսելի քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է. քրեական գործը շուտով կկարճվի:
Իսկ որն է նման որոշման գինը:
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել է, որ դեպքից հետո իրավապահները չեն բացառել այն վարկածը, որ այս պատմության գլխին նախկին նախարար Դերենիկ Դումանյանն է կանգնած եղել: Եվ ըստ երեւույթին` հարազատ իշխող կուսակցությունը որոշել է մեծահոգություն դրսեւորել Դումանյանի նկատմամբ` գործը կարճելու հրահանգ իջեցնելով:
Ի դեպ, վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ի հնաբնակները անորոշության մեջ են եւ վախեցած, քանի որ երաշխիք չունեն, որ նոյեմբերյան համագումարից հետո ՀՀԿ գերագույն մարմնում տեղ կունենան: Չի բացառվում, որ իշխող կուսակցությունը որոշում կայացնի Դերենիկ Դումանյանին «պատժել» այս ձեւով:

«Մենք ո՞ւր ենք գնալու, Դերո՛»
Նախ հիշեցնենք, որ անդրադառնալով կատարվածին` նախկին նախարարն ասել էր, թե Սարո Ծատուրյանը բավականին բարեխիղճ եւ պատասխանատու պաշտոնյա է եղել, եւ վստահեցրել է, որ ինքը գործում չի ներգրավվի: Դրանից հետո զարգացումներն այլ ուղղությամբ ընթացան. Սարո Ծատուրյանը խոստացավ անուններ հնչեցնել, ավաղ… այսօր հանգամանքներն այլ են:
Թե ով պետք է պատասխան տա պետբյուջեին այսքան վնաս տալու համար, այլեւս օդից կախված է, քանի որ հիշատակված պաշտոնյաները ստորագրությամբ ազատ արձակվեցին, հիմա էլ գործն են կարճում: Ավելին, սույն անձինք շարունակում են իրենց աշխատանքը: Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ կառավարությունում անցկացված հատուկ խորհրդակցությունը, որի ընթացքում դիմելով ՀՀ առողջապահության նախկին նախարարին՝ Դերենիկ Դումանյանին, ասաց. «Ինչպե՞ս կարելի Է դեղերի շուկան այդպես թողնել, Դերո՛… արդեն դու ահագին աշխատում ես, առաջինը քո՛ խնդիրն է, առաջինը… քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն, այդտեղ, ինչպես արդեն պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Երբ հարցնում եմ՝ տեսչություն ենք միավորում, մարմիններ ենք միավորում, դե, տենց տեմպերով մենք ո՞ւր ենք գնալու, հասնենք»:

Հայտնի փաստերը
Առողջապահական Պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանի գլխին ամպերը վաղուց էին կուտակվել: Քրեական գործը հարուցված է եղել դեռեւս երկու տարի առաջ՝ պաշտոնեական կեղծիքի հոդվածով: Անձինք էին հարցաքննվել, փորձաքննություններ էին արվել, ապացույցներ էին ձեռք բերվել, իսկ պաշտոնյաների ձերբակալությունը ընդամենն այսբերգի տեսանելի գագաթն էր:
«Ժողովուրդ»-ը դեռեւս դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունից խնդրել էր ներկայացնել նախկին եւ ներկայիս ուղեգրերի տեսքը, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչպես կարող էին կեղծվել դրանք նախկինում: Պարզվել էր, որ նախկին ուղեգիրը ընդամենը սովորական թուղթ է՝ առանց համապատասխան կոդավորման եւ պաշտպանիչ շերտի, որի վրա կարելի է փոխել ամեն ինչ՝ առողջարանային կենտրոնի անունից սկսած, մինչեւ այլ տվյալներ:
Այստեղ հարկ ենք համարում տեղեկացնել, որ պետպատվերն իջեցնում է պետությունը, իսկ ուղեգրերի համար վճարումներն ապահովում է առողջապահության գործակալությունը: Իսկ առողջարանական ծառայությունները տարեկան մոտ 350 հազար ուղեգրեր են հատկացնում քաղաքացիներին, եւ այդ գումարները դուրս են բերվում գործակալության բյուջեից: Այս դեպքում քաղաքացիներին կեղծ ուղեգրեր են տրվել, եւ պետությունը վճարել է դրանց դիմաց: Այսինքն` մարդիկ չեն գնացել հանգստանալու, սակայն փողերը դուրս են գրվել:
Դեպքից հետո ուղեգրերի համակարգը կանոնակարգելու փորձեր արվեցին, փոփոխություններ կատարվեցին: Նախկինում ուղեգրերը չէին համարակալվում, ինչը բարդացնում էր վերահսկողությունը: Հայտնի չէր, թե ովքեր են գնացել հանգստանալու, որ ուղեգրով, հանգստյան որ գոտին: 2014 թվականի երկրորդ կեսից, հնարավոր ռիսկերը վերացնելու համար, սկսեցին ուղեգրերը համարակալել, եւ այժմ ցանկության դեպքում կարելի է հետեւել, թե որ ուղեգրով որտեղ եւ երբ են մարդիկ մեկնել կազդուրվելու:
Եւ ահա, երկու տարի վարույթ իրականացնելուց հետո քննչական մարմինն ապացույցներ էր ձեռք բերել, որոնք բավարար էին պաշտոնյաներին ձերբակալելու համար: Առողջապահական շրջանակներում, սակայն, չէին հավատում, որ Սարո Ծատուրյանը կարող է մեծ դերակատարում ունենալ հանցագործության մեջ: Նա Պետական առողջապահական գործակալության պետ է նշանակվել ՀՀ նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի օրոք: Ծատուրյանը նրա համակուրսեցին է եղել եւ մտերիմը: Խախտումները, որոնք քննչական վարույթի առարկա են դարձել, Դումանյանի պաշտոնավարման ընթացքում են եղել՝ 2012-2014 թվականներին: Սարո Ծատուրյանը նաեւ առողջապահության մեկ այլ նախարարի հետ կապեր ունի՝ Հայկ Նիկողոսյանի աներորդին է եւ ժամանակին եղել է նրա կողմից հիմնադրված «Ախտորոշման կենտրոն»-ի ղեկավարը:
Ահա, այդպիսի տեմպերով հասանք այնտեղ, որ նախկին նախարարի օրոք թույլ տրված ահռելի չափով չարաշահումները «ջրի երես» են դուրս եկել, իսկ վերջնարդյունքն առավել քան մտահոգիչ է: Այսպիսով, հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կտրուկ հայտարարություն անող ՀՀ կառավարությունը շարունակում է կեղծ խոստումներով չարաշահել հանրության համբերությունը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԱԱԾ-Ն ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ Է ՁԳՁԳՈՒՄ
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված հանցախմբի» գործով պաշտպանները մտահոգված են: Բանն այն է, որ նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է կողմերին ծանոթանալու համար, իսկ դրա համար տրամադրված ժամկետը, ինչպես պաշտպաններն են գնահատում, աննախադեպ սուղ է:
Այսպես, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ քրգործը բաղկացած է 35 հատորից, եւ իրենց բավականին ուշ է տրամադրվել: Ուշացումը պատճառաբանվել է պատճենահանման համար անհրաժեշտ ժամանակով: Սակայն Ալումյանն այդ փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Այն ուշացումով են տրամադրել կողմերին, որ մենք քիչ ժամանակ ունենանք՝ քրեական գործին մանրամասն ծանոթանալու: Ես այս ընթացքում հասցրել եմ ծանոթանալ միայն 8-ին, իսկ իմ պաշտպանյալը` 6-ին: Նախ գործը մեզ 14 օր ուշ է փոխանցվել, իսկ սա նշանակում է, որ մենք զրկվում ենք մեզ օրենքով տրամադրված նախաքննական երաշխիքից»: Հայկ Ալումյանը պարզաբանում է, որ գործի ուշ տրամադրումը իրենց հնարավորություն չի ընձեռելու գործում առկա հանգամանքների հետ կապված իրենց կողմից ձեռք բերված փաստարկներ ներկայացնել: Փաստաբանի գնահատմամբ` նախաքննական մարմինը նպատակ ունի մինչեւ նոյեմբերի 25-ը գործը դատարան ուղարկել, իսկ ԱԱԾ-ն հատուկ է ձգձգում ընթացքը: Հայկ Ալումյանը հայտնեց նաեւ, որ մինչ այս պահը ծանոթացած գործի նյութերում Վահան Շիրխանյանին վերաբերող որեւէ բան չկա. «Գործը շատ ծավալուն է, եւ Պարոն Շիրխանյանը պետք է ծանոթանա նաեւ էլեկտրոնային նյութերին: Սակայն քրեակատարողական հիմնարկը նրան այդ հնարավորությունը չի տալիս: Եվ մենք չգիտենք` ինչ պետք է անենք այս պարագայում»: Հայկ Ալումյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալի առողջական վիճակն օրեցօր ավելի ու ավելի է վատանում, անգամ խցից մինչեւ տեսակցությունների սենյակ իր ոտքով տեղափոխվել չի կարողանում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «զինված հանցախմբի» գործով որպես մեղադրյալ ներգրավված, ստորագրությամբ ազատ արձակված Նելլի Մինասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հետ: Վերջինս վստահաբար ասաց, որ մինչեւ սահմանված ժամկետը չի կարողանալու ծանոթանալ 35 հատորանոց գործին. «Դա պարզապես անհնար է: Ահռելի քանակությամբ, ծավալուն նյութեր են, այդ թվում` ձայնագրությունները: Նման ժամկետներում, միանշանակ կարող եմ ասել, որ հնարավոր չէ ծանոթանալ նյութերին: Իսկ այս հանգամանքը դատաքննության ընթացքում մեզ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Գուցե մենք միջնորդեինք նոր փորձաքննություններ նշանակել… այս եւ մի շարք այլ իրավունքներից մենք զրկված ենք»,- դժգոհեց փաստաբանը: Իսկ «զինված հանցախմբի» պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը եւս ծանոթացման փուլում է, եւ հետագայում միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում ինքը կօգտվի հնարավորությունից. «Իմ պաշտպանյալը եւս ծանոթանում է նյութերին, եւ միանշանակ կարող եմ ասել, որ զենքի մասով սուբյեկտիվ որոշում է կայացվել, եւ գտնում ենք, որ գործին ճիշտ գնահատական չի տրվել»:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Ոստիկանության շտաբի պետի պաշտոնից եւ նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ։ Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը։

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Արտավազդ Հարությունյանը նշանակվել էր 2013թ-ին: Եվ երեկ ներկայացրած նրա հրաժարականի դիմումը, ըստ ամենայնի, պայմանավորված է ՀՀ նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած տարաձայնություններով: Թե ով է լինելու ՀՀ զինդատախազը, ArmLur.am-ին առայժմ չի հաջողվել պարզել: Նշենք նաեւ, որ Արտավազդ Հարությունյանը աշխատել է Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում: Նա եղել է այդ խմբի ղեկավարը:




Լրահոս