ԸՕ փոփոխությունների նախագծի երեկվա քննարկմանը հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը ընդգծել է, որ նոր օրենսդրությամբ սուտ հայտարարություններ եւ կեղծ դիմումներ ներկայացնողների դեմ կոշտ գործիքներ են մտցրել:«Չպետք է այնպես անել, որ կեղծ հայտարարություններով տպավորություն ստեղծեն, թե ընտրություններն անցել են կեղծիքներով: Կեղծ հայտարարություն անողին, եթե կարողացան ապացուցել, որ հավաստի չէ այդ հայտարարությունը, սպառնում է քրեական պատիժ՝ 2-3 տարի ազատազրկում»,- ասել է նա:
Այսպիսով՝ փոխանակ ընտրությունները թափանցիկ անցկացնելու պետության պոզիտիվ պարտավորության իրագործման մեխանիզմները կատարելագործելու, իշխանությունները փորձ են անում ի սկզբանե կոշտ քրեական պատասխանատվություն սահմանելով՝ կանխել ընտրախախտումների մասին բարձրաձայնումները: Անշուշտ, քիչ չեն դեպքերը, երբ տարբեր ուժերի, դիտորդների կամ, ինչու ոչ, լրատվամիջոցների կողմից արվում են չճշտված ահազանգեր: Չի բացառվում անգամ, որ դա երբեմն էլ արվի հատուկ նպատակով, ինչը, բնականաբար, անընդունելի է: Սակայն արդյոք պետության առաջնային մտահոգությունը պետք է լինի այդ ահազանգերի վերացումը, առավել եւս, որ դրանց ապացուցման գործառույթները վերը նշված շրջանակների լիազորություններից դուրս են: Դրա համար, ինչպես գիտենք, կան քննչական մարմիններ, դատախազություն, որոնք շատ արագ բացահայտում են՝ երբ այս կամ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Միթե ազատ եւ արդար ընտրությունների անցկացման գերնպատակ հետապնդող իշխանություններին չպետք է մտահոգի այն, որ ի սկզբանե քրեական հաշվեհարդարով սպառնալով՝ «երեխային էլ կարող են ջրի հետ դուրս նետել», ասել է թե՝ առանց այդ էլ ցածր իրավագիտակցություն ունեցող մեր քաղաքացիների մեծ մասը այսուհետ առհասարակ չի համարձակվի բարձրաձայնել անգամ աղաղակող ընտրախախտումների մասին՝ մտավախություն ունենալով վերջնարդյունքում հայտնվել քավության նոխազի դերում: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր իրականությունում քաղաքացիները հաճախ անգամ իրենց ներկայությամբ կատարվող հանցագործությունները գերադասում են չտեսնելու տալ, քանզի որեւէ երաշխիք չունեն, որ բարձրաձայնելու դեպքում չեն հայտնվի քաշքշուքների եւ, անգամ, իրավապահների ճնշումների ներքո:
Եվ հիմա, փաստորեն, սուտ մատնության «մահակը» կիրառելով՝ փորձ է արվելու համատարած կերպով փակել դիտորդների եւ ԶԼՄ-ների բերանները, քանի որ ընտրական գործընթացներում ոչ միշտ է, որ հաջողվում է փաստացի արձանագրել խախտումները: Եթե սա է Սերժ Սարգսյանի ասած քաղաքական նոր մշակույթը, ապա արձանագրենք, որ նա իրավացի է. քաղաքական նման բարեփոխումները հաստատ կփոխեն մեր պետության զարգացման ընթացքը: Հիրավի, եթե նման մոտեցում կիրառվի բոլոր բնագավառներում, ապա գաղջ մթնոլորտն իսպառ կվերանա, քանի որ երբ գաղջը համատարած է եւ ամենուր, այն այլեւս դառնում է սովորական: