Հարց քաղաքացիներից` անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կարո՞ղ է կրկին դիմել տարածքային մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կարո՞ղ է կրկին դիմել տարածքային մարմին, թե՞ ոչ:

Ելենա Ջահուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Ջահուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: (Հիմք՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում գրանցված ավելի քան 200.000 հաշմանդամություն ունեցող անձից 136.713-ն անժամկետ հաշմանդամություն ունեցող անձիք են: Ի դեպ, մոտ 70.000 հաշմանդամություն ունեցող անձ ամեն տարի փորձաքննություն է անցնում, եւ որոշվում է՝ արդյոք անձը կրկին պետք է գրանցվի իբրեւ հաշմանդամ, թե ոչ: Նշենք, որ Ռուսաստանի հետ համեմատ, որտեղ կենսամակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում, բնակչության մեջ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են 10.26%, ինչը գրեթե 50%-ով ավել է, քան Հայաստանում: Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ՌԴ բնակչության 1.97%, այս ցուցանիշը եւս գրեթե երկու անգամ ավել է, քան Հայաստանում:




Լրահոս