Հիմա էլ Տեր-Պետրոսյանն է խոսում «զարգացման հույսերի» մասին. առաջին նախագահի 2 առաջարկն էլ միանգամայն տեղին են, սակայն ամենևին ոչ բավարար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օր առաջ՝ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարելիք այցի նախօրեին ՀՀ-ին սպասվող դեֆոլտի մասին «գուժած» Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել նոր կառավարությանն ուղղված 2 առաջարկներով՝ դրանց իրագործմամբ պայմանավորելով երկիրն այս վիճակից հանելու հնարավորությունը: Ընդ որում, իր երեկվա ուղերձը Տեր-Պետրոսյանը սկսում է վստահությամբ, որ «Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով»:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության փոփոխությունը Տեր-Պետրոսյանը որակել էր որպես «թատերական արարողություն»: Թե հատկապես ինչն է այսքան կարճ ժամանակահատվածում նման բեկում մտցրել Կ. Կարապետյանի հանդեպ Տեր-Պետրոսյանի վերաբերմունքում, դժվար է ասել: Համենայնդեպս, երեկ արդեն նա խոսում էր ոչ թե դեֆոլտի, այլ այս կառավարությունից իր սպասելիքների մասին եւ առաջարկում. «1. Վերացնել նախարարությունների, պետական այլեւայլ գերատեսչությունների, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները: 2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով: Եթե կառավարության ծրագրում այս երկու դրույթները չընդգրկվեն, ապա ՀՀ-ի տնտեսական վիճակի բարելավման ու զարգացման հույս փայփայելն անիմաստ կդառնա, իսկ նոր կառավարությունը կարժանանա նախորդ երկուսի բախտին»,- եզրափակել էր Տեր-Պետրոսյանը:

Դժվար է ասել, թե ինչու էր նա հատկապես նշել վերջին 2 կառավարություններին եւ ոչ թե, ասենք, 3-ին: Արդյոք ոչ այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանից եւ Տիգրան Սարգսյանից առաջ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Ս. Սարգսյանը, որի շուրջը համախմբվելու եւ նրան բանակցային սեղանի մոտ ուժեղացնելու կոչով Տեր-Պետրոսյանը հանդես եկավ անցած ապրիլի 9-ին: Սա մի հարց է, որի պատասխանը շատ դժվար է տալ հատկապես 2015թ. փետրվարի 12-ից հետո, երբ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը՝ յուր բուրժուադեմոկրատական ատրիբուտիկայուվ, հօդս ցնդեց, ինչի արդյունքում ՀՀ առաջին նախագահն իրեն նվիրեց իշխանություններին ուղղված բաց նամակների, հանդիպման առաջարկների, հրապարակային աջակցության կոչերի քերթմանը: Եվ հիմա էլ, փաստորեն, երկրորդելով Ս. Սարգսյանի մոտեցումը, թե Կ. Կարապետյանը կարող է լինել «փոփոխությունների սիմվոլ», Տեր-Պետրոսյանն է խոսում «զարգացման հույսերի» մասին եւ փորձում իր խորհրդով օգնել «սիմվոլին»:

Անկախ դրդապատճառներից՝ նկատենք, որ Տեր-Պետրոսյանի 2 առաջարկն էլ միանգամայն տեղին են, սակայն ամենեւին ոչ բավարար: Էլ չասած, որ ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի վավերացումը ոչ թե կառավարության, այլ Աժ գործառույթն է, հետեւաբար՝ Կ. Կարապետյանի լիազորություններից դուրս է: Դժվար թե Տեր-Պետրոսյանն այդ մասին չիմանար:




Լրահոս