Հայաստանի իշխանական եւ դիվանագիտական շրջանակները դեռ չէին հասցրել պատշաճ կերպով արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում արած հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երեկ պաշտոնական Կրեմլի այս տեսակետը երկրորդեց, ավելի ճիշտ՝ անցած երեք ամիսների ընթացում արդեն երրորդեց այդ երկրի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, այդ թվում եւ Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա՝ հավելելով, թե «Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:
Հիշեցնենք, որ 1992թ. ձեւավորված Մինսկի խումբը բաղկացած է 11 անդամներից, որոնց թվում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Շվեդիան կամ Իտալիան: Բայց Ռուսաստանը երբեւէ չի հիշատակել, որ, օրինակ, Ֆինլանդիան չի կատարում իր «ուղղակի պարտականությունը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում ներդրում ունենալու» առումով: Իսկ, ահա, Թուրքիայի դեպքում, չգիտես ինչու եւ ամենակարեւորը՝ ինչպես, հուլիսից սկսած ռուս-թուրքական նոր սիրախաղի մեկնարկից ի վեր Կրեմլում սկսել են շատ դրական ակնկալիքներ ունենալ: Եվ սա այն դեպքում, երբ ապրիլի 22-ին նույն Սերգեյ Լավրովը Երեւանում հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիայի պահվածքը ոչ թե խաղաղությանը միտված երկրի վարքագիծ էր, այլ ուղղակիորեն պատերազմի կոչ:
Եվ, ահա, հիմա պատերազմի կոչ անող երկրից Կրեմլում ակնկալում են «դրական դերակատարություն» եւ կառուցողական առաջարկներ»: Թե ինչով է դա պայմանավորված, թերեւս դժվար չէ հասկանալ. միջազգային մեկուսացման էլ ավելի մեծացող վտանգի առջեւ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած գնով սիրաշահել Թուրքիային՝ վերջինիս ծառայեցնելով սեփական աշխարհաքաղաքական շահերին:
Սակայն այստեղ հարց է ծագում. իսկ ուր են մնում Հայաստանի շահերը, եւ ով պետք է դրանց տեր կանգնի: Ինչու են լռում պաշտոնական Երեւանը եւ ի հեճուկս բոլորի՝ վերանշանակված ԱԳ նախարարը:
Լավ, եթե Լավրովն արդեն իսկ խոսում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ միմյանցով պայմանավորված լինելու մասին եւ այդպիսով, ըստ էության, այլեւս չեղյալ հայտարարում «հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների» սկզբունքը, միթե Հայաստանը չպետք է հանդես գա «որեւէ» հայտարարությամբ: Ի վերջո, նման գերկրավորականությունը ոչ միայն վտանգավոր է, այլ պարզապես ամոթ է: