Լավ է քիչ, քան ոչինչ սկզբունքով. հայ-իրանական տնտեսական գործակցությունը կրիայի քայլքով է առաջ գնում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, եւ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանն» ասել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի համար իրավական խոչընդոտներ չկան: «Ես կարծում եմ՝ եթե որեւէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, եւ երկու պետությունները, այո՛, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»,- ասել է դեսպանը եւ արձագանքելով լրագրողի մտահոգությանը՝ կարծիք հայտնել, որ ՌԴ դրան չի խանգարի. «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, եւ որեւէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում»,- նշել է նա:

Ինչ խոսք՝ հարցի իրավական կողմի կարգավորումը շատ կարեւոր է, եւ գազի առքուվաճառքի մասին փաստաթուղթն էլ, թերեւս, անհրաժեշտ: Բայց դրանից առաջ նախ անհրաժեշտ է այդ գազի ձեռքբերման հնարավորության ստեղծումը, կամ գոնե այդ ուղղությամբ համաձայնագրի ստորագրումը: Ի վերջո, ինչքան ասես՝ կարելի է պայմանագրեր կնքել այս կամ այն ապրանքի առքուվաճառքի մասին, բայց եթե չկա այդ ապրանքը, բոլոր փաստաթղթերը դառնում են անիմաստ:

Իսկ այն, որ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները բավարար չեն՝ Հայաստանով տարանցելու եւ, օրինակ, Վրաստանի շուկայում զգալի տեղ գրավելու համար, գաղտնիք չէ: Ժամանակին այդ հնարավորությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ հավասարաչափ ճնշումների արդյունքում Հայաստանը բաց թողեց: Եթե Ռուսաստանին դա ձեռնտու չէր սեփական գազային շահերի տեսանկյունից, ապա Միացյալ Նահանգներն էլ չէր ցանկանում ոչինչ լսել պատժամիջոցների ներքո գտնվող Իրանի հետ որեւէ լուրջ էներգետիկ համագործակցության մասին: Ինչ խոսք, եթե օրվա իշխանություններն ավելի լեգիտիմ լինեին, հետեւաբար՝ նաեւ ավելի անկախ, գուցե եւ այլ իրավիճակ լիներ: Սակայն ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք: Տվյալ դեպքում 1200մմ տրամագծով գազատարի փոխարեն՝ ընդամենը 700մմ մի խողովակաշար, որն ի զորու է ապահովել տարեկան առավելագույնը 2 միլիարդ խմ գազ, ինչը Հայաստանի պահանջարկը հազիվ կարող է բավարարել, եթե ինչ-որ մի օր մենք զրկվենք ռուսական գազ սպառելու հնարավորությունից:

Այնպես որ, եթե անգամ Հայաստանը Իրանի հետ ստորագրի գազի առքուվաճառքի մասին պայմանագիր, ապա երրորդ երկրին հնարավորություն է ունենալու ոչ զգալի ծավալներով գազ վաճառել, ինչը քարոզչական եւ ինչ-որ առումով նաեւ քաղաքական նշանակությունից բացի, որեւէ լուրջ տնտեսական էֆեկտ չի ունենալու: Բայց հայ-իրանական տնտեսական գործակցությունը այնպիսի կրիայի քայլքով է առաջ գնում, որ այս դեպքում, լավ է քիչ, քան ոչինչ սկզբունքով, մեզ մնում է միայն ողջունել այս նախագծի իրականացումը եւ արդեն նոր կառավարությունից ակնկալել առավել առարկայական եւ մեծածավալ փոխգործակցություն:




Լրահոս