Տարածաշրջանային այցով Բաքու-Ստեփանակերտ-Երեւան երթուղու վերջին կանգառում երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ ունեցան Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարների հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների ընթացքում, դժվար է ասել, սակայն թե՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո առաջին տարածաշրջանային այցի երթուղին, թե՛ երեկվա ճեպազրույցում համանախագահների՝ մասնավորապես Ջ. Ուորլիքի արած հայտարարությունները խոսում են այն մասին, որ բանակցային գործընթացում երկարատեւ դադար չի լինի՝ չնայած ՀՀ-ում արդեն իսկ ծավալվող նախընտրական զարգացումներին:
Երեկ Երեւանում հնչեցված հայտարարություններից, թերեւս, հատուկ ուշադրության է արժանի Ջ. Ուորլիքի արձանագրումը՝ կապված օրերս Իլ. Ալիեւի կողմից Դ. Կիսելեւին տված հարցազրույցում արած այն հայտարարության հետ, թե. «Ղարաբաղի հարցում ինքնավար հանրապետության կարգավիճակն է այն առավելագույն փոխզիջումը, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը»: Ուորլիքը երեկ երկրորդեց Բաքվում արած իր հայտարարությունը՝ ընդգծելով, որ ողջունում է Ալիեւի ասածը. «Նախագահ Ալիեւը բացել է քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բոլորս սա պետք է ողջունենք: Մենք պետք է ունենանք անկեղծ քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ․կողմերի դիրքորոշումները կարող են չհամընկնել, բայց կարեւոր է, որ այս հարցերը դրվեն հանրային քննարկման ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ԼՂ բնակչության կողմից: Այսպիսով, ես ասել եմ Բաքվում եւ կրկնում եմ այստեղ, որ մենք ողջունում ենք նախագահ Ալիեւի հայտարարությունը ոչ թե որովհետեւ դա վերջին խոսքն է, այլ որովհետեւ նա այս հարցը դնում է քննարկման: Եվ բոլոր հարցերը, որ մասն են կազմում կարգավորման, պետք է դրվեն քննարկման ոչ միայն մասնավոր կերպով, այլ լայն հանրության համար»:
Այսպիսով՝ ամերիկացի համանախագահը կոչ է անում բանակցային գործընթացը տեղափոխել ավելի հրապարակային դաշտ՝ փորձելով զերծ մնալ երկու երկրների հասարակություններին բանակցային կուլիսների ետեւում տարվող քննարկումներից տրամագծորեն տարբերվող պատկեր ներկայացնելու տարիներ ի վեր շարունակվող գործելաոճից: Անշուշտ սա առողջ եւ ճիշտ առաջարկ է: Այլ հարց է, որ Ուորլիքը եւ նրա գործընկերները, փաստորեն, նորմալ են համարում այն իրողությունը, որ 24 տարի շարունակ տարվող բանակցություններից հետո Ադրբեջանը պատրաստ է գնալ ճիշտ այնքան «զիջման», որքան 89 թվականին:
Իրականում սա հենց նույն Մինսկի խմբի աշխատանքների ձախողման մասին է վկայում, քանի որ միջնորդների դերը կայանում է ոչ միայն «փչացած հեռախոսի» գործառույթ իրականացնելու եւ ժամանակ առ ժամանակ ոչինչ չտվող հանդիպումներ կազմակերպելու մեջ, այլեւ երկու երկրների ժողովուրդների մոտեցումները միմյանց ճշգրտորեն ներկայացնելու եւ առողջ քննարկումներ կազմակերպելուն միտված գործիքների կիրառման մեջ: Եթե, իհարկե, նրանց նպատակը խնդրի կարգավորումն է: