ՀՀԿ ԳՄ անդամ, Աժ պատգամավոր Սամվել Նիկոյանը, անդրադառնալով ՀՀԿ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար կազմի սպասվող փոփոխություններին, հայտարարել է. «Եթե իշխանության մեջ կատարվում են փոփոխություններ, ապա դա չի կարող չազդել կուսակցության վրա, չարտացոլվել կուսակցության ներսում»: Թվում է, թե Նիկոյանի ասածը տրամաբանական է այն առումով, որ երկրի վարչապետը, նախարարները պետք է որ նաեւ իշխող կուսակցությունում զբաղեցնեն ղեկավար դիրքեր: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում Նիկոյանի ասածը քաղաքագիտական առումով եւ մեր քաղաքական իրողությունների տեսանկյունից հակատրամաբանական է: Բանն այն է, որ արդեն երկրորդ անգամը լինելով իշխող, Հանրապետական կուսակցությունն իր իշխանության կարեւորագույն մասը անհայտ կուսակցական շահերից ելնելով, իսկ իրականում կոնկրետ մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքով, հանձնում է կուսակցության հետ որեւէ կապ չունեցող մարդկանց:
Ինչպես հիշում ենք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ իր նշանակումը՝ 2008թ-ին, Հանրապետական կուսակցության անդամ չէր, եւ որեւէ ձեւով չէր արտահայտել իր համակրանքը ՀՀԿ գաղափարախոսության հանդեպ: Բայց ոչ միայն նա նշանակվեց վարչապետ, այլեւ իր հետ կառավարություն բերեց սեփական ապակուսակցական եւ ապաքաղաքական թիմի ներկայացուցիչներին, որոնք բոլորը, առանց բացառության, կարճ ժամանակ անց շատ բարեհաջող ձեւով հանրապետականացվեցին: Հիմա էլ Կարեն Կարապետյանի դեպքում է, փաստորեն, նույն իրավիճակը: Բայց եթե անգամ նա էլ իր նախորդի նման չկուսակցականացվի, միեւնույն է՝ կառավարությունում կատարված փոփոխությունների արդյունքում մի շարք ՀՀԿ- ական նախարարներ զրկվել են իրենց պաշտոններից՝ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, եւ բնականաբար համաձայն ՀՀԿ-ի խաղի կանոնների՝ առաջիկայում պետք է զրկվեն նաեւ իրենց կուսակցական պաշտոններից: Որքան էլ որ Սերժ Սարգսյանը ժամանակին հավաստիացնում էր, որ իրենք /ՀՀԿ-ն/ ոհմակ չեն, այդուհանդերձ, անցած տարիների փորձը ցույց է տվել, որ ՀՀԿ ղեկավար կազմում լինելու համար կարեւոր պայման է պաշտոնյա լինելը:
Եվ արդյունքում՝ ստացվում է, որ փոխանակ կուսակցությունում կատարվող փոփոխություններն անդրադառնան կառավարության փոփոխության վրա, ինչը քաղաքագիտական ընդունված մոդելն է /իշխող քաղաքական ուժն ինքն է ձեւավորում կառավարությունը/, մեզանում տեղի է ունենում հակառակ պրոցեսը. մեկ անձի կամոք փոփոխված կառավարությունն է ազդում կուսակցության փոփոխության վրա, ասել է թե՝ կառավարությունն է ձեւավորում կուսակցության վերնախավը: Քաղաքագիտական աբսուրդ, որը, սակայն, տեղավորվում է քաղաքական ուժի եւ ոհմակի միջեւ համեմատականների տիրույթում: