ԳՆԱՃԸ ՀԵՉ, ՏԱՍԸ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայկական ազատ ու պատասխանատու հեռուստաընկերություններին տված  հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն օգտագործեց իր ճարտասանական ողջ տաղանդը` փորձելով ապացուցել, որ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը  մեղավոր չեն  ներկայիս  սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար: Այլ կերպ ասած` ՀՀ վարչապետը շուրջ երկու ժամ տեւած մենախոսությամբ  փորձեց հիմնավորել սեփական մասնագիտական անմեղսունակությունը: Տ. Սարգսյանի խոսքերից այնպիսի կարծիք  կարելի էր կազմել, որ նա միայն այսօր է ստանձնել վարչապետի պաշտոնը եւ փորձում է որեւէ կերպ երկիրը հանել աղետալի վիճակից: Մինչդեռ իրականում տարիներ շարունակ  լինելով ԿԲ նախագահ եւ արդեն երեք տարի զբաղեցնելով վարչապետի պաշտոնը` Տ. Սարգսյանն արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի երկրում չզարգանա տեղական արտադրությունն ու երկիրը շարունակի  մնալ ներմուծման հույսին: Դրամի` տարիներ շարունակ անիմաստ (իրենց համար խիստ իմաստալից ) արժեւորումը հանգեցրել է նրան, որ մենք ամբողջովին կախված ենք արտաքին շուկաներում արձանագրվող թանկացումներից:Եվ ուղղակի զավեշտալի է, երբ վարչապետը, պատասխանելով լրագրողի` գնաճի մասին հարցին, նշում է, թե կառավարությունն ամեն ինչ անում է գնաճը  զսպելու համար, եւ որպես  օրինակ մատնանշում է  գյուղատնտեսական մեքենաները տեխզննումից ազատելու մասին կառավարության ընդունած որոշումը: Խոսք չկա, հիրավի, հզոր քայլ է: Հիշեցնենք, որ պետական բյուջեն այդ գործընթացից  ստանում էր ընդամենը 17 միլիոն դրամ եկամուտ:Ինչեւէ, կառավարության ղեկավարի զրույցը լրագրողների հետ բավականին հետաքրքիր էր: Եթե մի ժամանակ Հայաստանի «վագրային» տնտեսությունը համեմատում էին զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ, ապա այժմ վարչապետը այն համեմատեց ոչ ավել, ոչ պակաս` ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունների հետ ու եկավ  այն եզրակացության, որ պետք չէ արտադրել որեւէ ապրանք. դա մեր հագով չէ: Պետք չէ տեղական արտադրողին օժանդակել: Կարո՞ղ է գիտեք` կառավարությունը օր ու գիշեր  մտածում է տեղական արտադրողների հարստացման մասին: Տեղական բոլոր արտադրողները ագահ ու խաբեբա են: Եթե բարձրացնենք ներմուծման մաքսատուրքը,  տեղական արտադրողները կստանան  գերշահույթներ եւ վերջ: Իսկ ահա ներմուծողները առաքինության եւ ազնվության  մարմնավորողներ են: Ընդհանրապես այս կառավարությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին կարող է մեկ նախադասությամբ այնպիսի պատասխան տալ, որ այլեւս վերանա հարց տալու ցանկությունը: Ըստ  կառավարության ղեկավարի` այսուհետեւ մենք պետք է արտադրենք միայն միտք:  Ուստի վարչապետը խնդիր է դնում առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող տասը համալսարան: Այս նախաձեռնության ֆոնին խամրում են անգամ «Հայկական աշխարհ»-ի, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, իսկ  Գյումրին նավահանգիստ դարձնելու, Ծաղկաձորը Դավոսի վերածելու, Ջերմուկը չգիտեմ ինչ սարքելու մասին հայտարարությունները: Մտքի արդյունաբերության ջատագով  վարչապետը, սակայն, չմանրամասնեց, թե  ինչպես   պետք է տասը տարում միջազգային չափանիշներին համապատասխանող տասը համալսարան ստեղծեն մի երկրում, որի  առանց այդ էլ  խղճուկ բյուջեի ընդամենը մեկ տոկոսն  է հատկացվում գիտության եւ կրթության  զարգացմանը: Նկատենք,  որ անգամ Ռուսաստանի նման գերհզոր երկիրը չունի միջազգային չափանիշներին համապատասխանող տասը համալսարան: Վարչապետն այս հերթական համալսարանական  տեսլականին անդրադարձավ մեկ նախադասությամբ,  որպեսզի մտքերի ծավալում տեղի չունենա: Թե չէ կարող էր պատահել, որ անգամ պատասխանատու լրագրողների նյարդերը չդիմանային, եւ ավելորդ  հարցեր տային: Ամեն դեպքում վարչապետի ելույթից  պարզ դարձավ, որ  առնվազն տասը տարի պետք է դադարեցնել կառավարությանն ուղղված բոլոր քննադատությունները: Տասը տարի հետո ամեն ինչ լավ է լինելու: Սա անեկդոտ չէ: Սա կառավարության ղեկավարի տեսլականն է: Եվ չփորձենք հանկարծ հիշեցնել արտագաղթի ու գործազրկության ահագնացող թվերի մասին: Տասը տարի հետո լավ է լինելու.  բոլորը  կվերադառնան եւ կաշխատեն Հայաստանում: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս