ԽԻ՛ՂՃ ՈՒՆԵՑԵՔ, ԽԻ՛ՂՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողոցի առեւտրով ապրողներից եւս մեկը մնացել է շվարած. 73-ամյա Մանուշակ Պապյանը «Տաշիր» առեւտրի կենտրոնից մի փոքր հեռու զբաղվում էր փողոցային առեւտրով եւ դրանով մի կերպ օրվա հացի փող աշխատում: Սակայն այսօր, զրկվելով նաեւ ապրուստի այդ վերջին միջոցից, պատրաստ է պայքարել մինչեւ վերջ:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուշակ տատիկը բողոքեց  իշխանություններից. «Բոլոր տեղերն էլ գնում ենք, է՛լ քաղաքապետարանի մոտ, է՛լ կառավարության շենքի մոտ, էլ տեղ չմնաց, որ չգնանք խնդրենք, որ մեզ թույլ տան մի անկյունում նստենք, մեր գոյությունը պաշտպանենք»: 73-ամյա կնոջ խոսքերով պետությունն իրենց ոչ մի բանով չի օգնում. «Թոշակառու եմ, հազիվ 20.000 դրամ եմ  ստանում, ընտանիքով էլ վեց հոգի ենք, մինչեւ դրանով կոմունալ ծախսերը տալիս ենք, էլ մեզ ոչ մի բան չի մնում»: Մանուշակ տատի  վաճառասեղանին  սանրեր էին, աչքի ուլունք, օճառ, թել ու ասեղ: Ահա այդ «հարուստ» ապրանքատեսակի վաճառքով էլ ապրում էր ծեր կինը` օրվա հաց վաստակելով նաեւ հիվանդ որդու երեխաների համար. «Տղաս հիվանդ ա, նորմալ գործ չկա, որ գոնե ինքը աշխատի: Ես եմ, որ էս մի քանի բանը ծախում եմ, էս առեւտրի շնորհիվ գոնե մի 500 դրամ մնում ա, ուղղակի հաց տանեմ տունը, էլ ուրիշ ճար չկա»: Մանուշակ տատի խոսքերով հիմա արդեն այդ 500 դրամի առեւտուր էլ չի լինում, քանի որ գնորդները պակասել են. «Բոլորի վիճակն էլ վատա, բալա՛ ջան: Առաջ էս մայթերը լիքն էին, հիմա մարդ էլ չկա, փող էլ չունեն, որ գան, նման բաներ առնեն»: Փողոցի առեւտրով ապրող Մանուշակ տատիկը խնդրեց, որ «Ժողովուրդ»-ը քաղաքապետին փոխանցի հետեւյալը. «Ինքը պիտի հաշվի առնի, որ հիմնարկ-գործարաններ չկան, որ գնանք աշխատենք, մեր տարիքն էլ էն ա, որ մեզ չեն էլ վերցնում անգամ  հավաքարար աշխատելու համար: Գոնե զուգարան մաքրող էլ չեն վերցնում, աման լվացող էլ չեն վերցնում, ա՛յ աղջիկ ջան»: Փողոցի առեւտրականը նաեւ խնդրեց. «Կարեն Կարապետյանը թող մի քիչ մեղմ վերաբերվի էս թոշակառուներին, էս ծերերին,  խղճա մեզ ու թողնի, որ մենք մեր ուժերով մի էրկու կոպեկ փող աշխատենք»: Մանուշակ տատը մեզ նաեւ վստահեցրեց, որ իրենք, որտեղ որ նստում են,  այդ վայրն անընդհատ մաքրում են. «Տեսե՛ք`  ինչ կեղտա:  Ինչ ա որ էս քանի օրը չենք կանգնել: Մենք ամեն առավոտ ու իրիկուն մեր  տարածքը մաքրում ենք, մենք մեր մի կտոր հացի համար փողոցն էլ ենք լիզում, էլ ի՞նչ ասեմ, բալա՛ ջան»: Մեր զրուցակիցը  նշեց, որ բոլոր փողոցային առեւտրականներն էլ մի խնդիր ունեն. «Բոլորս էլ հիվանդի տեր ենք, մեկի երեխան է հիվանդ, մյուսի ամուսինը… դրա համար էլ  ամեն ինչ անում են այդ մի քանի կոպեկից չզրկվելու համար»:  Մանուշակ տատիկը պատմեց, որ իրենց ամեն օր ասում են, որ փողոցում առեւտրով չզբաղվեն. Ես էլ ի՞նչ անեմ, կալյասկեն քշում եմ էս կողմ, էն կողմ: Ասում եմ՝ գնում եմ, որ էլ չգան վրես խոսան, որ գոնե մի քանի կոպեկ բան առնեմ ու գնամ, ախր մենք բոլորս էլ կարիքավոր ենք»: Մանուշակ տատը վրդովված էր մեր իշխանավորների անտարբերությունից. «Երբ վերջին անգամ հավաքվել էինք կառավարության մոտ, ոչ մեկը դուրս չեկավ մեզ մի պատասխան տար:  Մինիստրությունից դուրս էին գալիս, նստում էին իրենց մեքենաներն ու գնում:  Մեկը չմոտեցավ ասեր` տեսնենք սրանք ինչի՞ համար են եկել: Ախր մենք էլ ենք էս երկրի համար շատ բաներ արել, բայց հիմա, որ ծերացել ենք, էլ մեզ ոչ ոք հաշվի չի առնում»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս