«Եթե մենք լինեինք, երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կարևոր կետերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունը ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի մասին «Պառակտվա՞ծ Հայաստան» վերնագրով ֆիլմ է նկարահանել, որում խիստ ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել նաեւ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին եւ առաջադրած պահանջներին՝ նա, մասնավորապես, ասել է. «Նրանց պահանջը ոչ թե Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու մասին էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելու մասին էր»: Փաստորեն, Ս. Սարգսյանը այդպիսով բացահայտում է, թե որքան լուրջ են եղել իշխանությունը կորցնելու իր մտավախությունները: Քանի որ ո՛չ «Սասնա ծռերի», ո՛չ էլ անձամբ Սէֆիլյանի կողմից չի եղել հենց Սէֆիլյանին իշխանության բերելու հրապարակային պահանջ: Եղել է Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջ, որից, ինչպես հիշում ենք, Սէֆիլյանը հրաժարվել էր, թեեւ այդ հարցը բավականին շահարկվեց հաջորդող օրերին:

Ինչեւէ. Սարգսյանը անդրադառնում է նաեւ «Սասնա ծռերի» մյուս պահանջին. «Երկրորդ պահանջը նրանց այն էր, որ բանակցություններում մենք շատ կոշտ դիրքորոշում ունենանք եւ ոչ մի միլիմետր հող երբեք չհանձնենք»: Դատելով այն իրողությունից, որ «Սասնա ծռերի» անդամներին, չնայած մինչ այդ տրված խոստումներին, փորձ է արվում ամենայն խստությամբ պատժել, կարող ենք եզրակցնել, որ «ոչ մի միլիմետր հող չհանձնելու» «Սասնա ծռերի» պահանջը Սերժ Սարգսյանի համար անընդունելի է: Ասել է թե՝ ընդունելի է հակառակ՝ հող հանձնելու դիրքորոշումը: Այս հայտարարությամբ, փաստորեն, Սարգսյանն անուղղակիորեն հաստատում է, որ «Սասնա ծռերի» եւ տարածքների հանձնման մասին ահազանգողների մտահոգությունները միանգամայն տեղին էին, եթե չասենք՝ ավելին:

Հուլիսյան իրադարձությունների հետ կապված Սարգսյանի հաջորդ մեկնաբանությունը եւս ոչ պակաս հատկանշական է: Անդրադառնալով հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերին՝ նա ուղղակիորեն արդարացրել է այդ բիրտ գործողությունները, որոնց համար, ի դեպ, նա օգոստոսի 1-ին լրագրողներից ներողություն էր խնդրել. «Ի՞նչ պիտի աներ ոստիկանությունը: Ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ ավելի մեծ հանցագործությունը կանխելու նպատակով պետք է ուժ կիրառել: Բա չկիրառե՞ր ոստիկանությունը ուժ: Այո՛, ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ եւ նա պարտադրված է եղել կիրառելու այդ միջոցները»:
Սակայն այս ֆիլմում Սարգսյանի, թերեւս, ամենաուշագրավ հայտարարությունը վերաբերում է Ռուսաստանին: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի ռազմատեխնիկա վաճառած ՌԴ-ն լավ դաշնակից է ՀՀ-ի համար, Սարգսյանն ասում է․ «Չգիտեմ՝ լավ եւ վատի մասին իմաստ ունի՞ արդյոք խոսել:

Բայց պիտի ասեմ, որ ՌԴ-ն նաեւ մեզ հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր: Իհարկե, եթե մենք լինեինք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:




Լրահոս