ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է հայտնի դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձեր երաժշտական տաղանդը արժանի ճանաչում է գտել համաշխարհային մակարդակով` նվաճելով տարբեր մայրցամաքների ու բազմաթիվ երկրների բարձր բեմերը: Ձեր կատարողական արվեստի վարակիչ էներգիան հանդիսատեսին է փոխանցում մատուցվող ստեղծագործությունների այն ողջ դրամատիզմն ու ներքին հզորությունը, որ ունի իսկական երաժշտությունը:
Բարձր գնահատականի է արժանի նաեւ Ձեր ներդրումը մանկավարժության ասպարեզում: Ձեր ստեղծագործական արվեստանոցի բազում աշակերտներ արդեն կայացել են մասնագիտության մեջ` աչքի ընկնելով իրենց կատարումներով»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք: