«ՆՐԱՆՔ ՓՈՔՐԻԿ ՔԱՂՔԵՆԻՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱՆԱԼՈՒ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայ երգարվեստի ներկայիս վիճակի, հիասթափված արտիստների եւ հոգնած հանդիսատեսի, ինչպես նաեւ քաղաքական դաշտում առկա խնդիրների մասին զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ:

-Դավի՛թ, վերջին հինգ տարվա կտրվածքով հայ երգարվեստի վիճակն ինչպե՞ս կգնահատեք:
-Թեեւ դեռ գրվում են ապուշ խոսքեր եւ ծիծաղելի մեղեդիներ, այսպես ասած` բստրած երգեր, ամեն դեպքում որակի բարձրացման խնդիր է առաջ եկել. անորակ պրոդուկտները սկսել են աչք ծակել: Ընդ որում, բոլորովին կապ չունի` տվյալ երգը Հայաստանի անկախությանն է նվիրված, թե ինչ-որ մեկի հարեւանին. բոլոր դեպքերում ասելիք չունեցող երգերը տհաճ են: Եթե մի երգի մեջ «հայրենիք» բառը հազար անգամ կրկնվում է, բայց այն ոչ մի իմաստ չունի, դա չի կարող հայրենասիրական երգ համարվել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ մենք կմաքրվենք այս աղբից:
-Որպես հեղինակ-կատարող` երգերի ի՞նչ թեմաներ ունեք Ձեր մտքում:
-Թեմաները գլոբալ բնույթ ունեն: Առհասարակ, ստեղծագործելու իմ նյութը կապված է ապրելու եւ սիրելու հետ: Որքան էլ ապրելու եւ մեռնելու առումով կյանքն օրինաչափ լինի, այն լի է առեղծվածներով, որոնք առկա են նույնիսկ մարդու ծնունդից առաջ եւ նրա մահից հետո:
-Մի շարք սոցիալական խնդիրների բախվելով` այսօր Հայաստանում արվեստագետները երբեմն իրենց գործով զբաղվելու սիրտ չեն ունենում: Դուք տեսնո՞ւմ եք այդ խնդիրը:
-Մի անեկդոտ հիշեցի: Հայրը գալիս է տուն, երեխայից պահանջում է նրա օրագիրը, տեսնում է` բոլոր առարկաների դիմաց ցածր գնահատականներ են նշանակված եւ միայն երգ-երաժշտություն առարկայի դիմաց է դրված բարձր գնահատական, խփում է երեխայի գլխին ու ասում. «Էսքանից հետո դու երգում էլ ե՞ս»: Կա նաեւ երգելու մեկ այլ տարբերակ` «Խոշոր շահում» ֆիլմում որ Գառնիկը դարդից երգում է, կինն էլ ասում է. «Խաչի՛կ ջան, արդեն երգո?ւմ է…»: Երգել էլ կա, երգել էլ: Հիմա զարմանալի է, որ «տուֆտա» տեքստերով «պապսա» երգողները այդքանից հետո դեռ երգում են…
-Ձեր կոլեգաներից շատերը լքել են Հայաստանը: Մենք ունենք հիասթափված արտիստների եւ հոգնած, նոսրացած հանդիսատեսի մի ստվար զանգված: Ի՞նչ անել:
-Շատ կապված եմ իմ այն ընկերների հետ, որոնք արտերկրում են, որեւէ մեկին չեմ մեղադրում Հայաստանից գնալու համար, բայց չեմ էլ կարող արդարացնել նրանց: Գիտեմ, որ մեզ մոտ մարդկանց սոցիալական վիճակը վատ է, շատ անարդարություններ կան, առկա է պատերազմի վտանգ, բայց այդ խնդիրները թողնել-գնալն ավելի վատ է: Ի դեպ, մի փոքր անկեղծանալով՝ ասեմ, որ իմ ընկերներից որ մեկը գնացել է Հայաստանից, ինձնից ավելի լավ սոցիալական պայմաններում է ապրելիս եղել: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա վերջինիս շրջանում անհրաժեշտ է փնտրել որակ. մենք չենք կարող լսարանի անդամների քանակով տվյալ երգչի ներկայացրած արվեստի մասին դատողություններ անել: Այլապես տեսեք, թե այսօր ովքեր եւ ինչ հաճախականությամբ են կարողանում լցնել մարզահամերգային համալիրի դահլիճը:
-Մեր քաղաքական դաշտում ինչ-որ չափով Ձեզ հոգեհարազատ ուժեր, գործիչներ տեսնո՞ւմ եք:
-Ես կուզենայի այդ դաշտում տեսնել մի տղայի, որը բարոյական արժեքներ կքարոզեր, ոչ թե արհեստածին կերպով ագրեսիվ վարք կցուցաբերեր: Չնայած, ես հույս ունեմ, որ քաղաքական դաշտը ինչ-որ ժամանակ անց պարապուրդի կմատնվի, եւ գուցե բարոյականությունը մտնի այնտեղ: Իմ ընկերներից մեկը վերջերս ասաց. «Հիշեք, թե ԱՄՆ-ում ժամանակին ինչ ավազակախմբեր էին ղեկավարում, իսկ այսօր այն ամենաօրինավոր պետությունն է»: Եկեք, այսօրվա ավազակախմբերին մատների արանքով նայենք ու մտածենք, որ նրանք փոքրիկ քաղքենիներ են, որոնք վերանալու են:
-Վերջերս իմ զրուցակիցներից մեկը կարծիք հայտնեց, որ տնտեսապես աղքատ երկրում չի կարող լավ արվեստ ծնվել: Դուք ի՞նչ կասեք:
-Տնտեսապես աղքատ երկրում, ցավոք, դա բացառվում է: Իհարկե, այդ պարագայում կունենանք ստեղծագործություններ, աղքատությունը կնպաստի ավելի լավ գործերի ծնունդին, բայց, գուցե, նման պայմաններում դրանք պարզապես մնան թղթի վրա:
-Վերջում կցանկանայի իմանալ` ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություններ ունեք:
-Հեղինակային նոր երգեր ունեմ, որոնք դեռ չեմ ներկայացրել հանրությանը: Իսկ նոյեմբերին պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ «Գոյ» թատրոնում: Սիրով կսպասեմ իմ լսարանին…

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Տեւական ժամանակ է` Սերգեյ Գրիգորյանը երգարվեստի ասպարեզում չի երեւում, նա չի նկարահանում տեսահոլովակներ, համերգներով հանդես չի գալիս, եւ այնպիսի տպավորություն է, որ երգիչը լքել է շոու-բիզնեսը: «Ժողովուրդ»-ը Սերգեյից ստացել է երկրպագուներին հուզող բոլոր հարցերի պատասխանները:

«Ես, իհարկե, հաճույքով կկատարեի այն գործը, որն անում էի տարիներ առաջ, բնականաբար, հնարավոր չէ` նման ցանկություն չունենամ, եթե ինչ-որ ժամանակ երգելն ու բեմում ներկայանալն է եղել իմ հիմնական անելիքը: Բայց եթե օբյեկտիվ լինեմ, կասեմ, որ այն, ինչ այսօր հրամցնում են հայ երգարվեստի ներկայացուցիչները, իմը չէ: Իսկ եթե մի բան մոտ չէ քո էությանը, դու դրանով չես զբաղվում: Դուք հիմա կարող եք ասել` ամեն դեպքում արժե, որ ես իմ գործն անեմ, մնացածը` իրենցը: Բայց չի կարելի մոռանալ, որ երգելը մեր աշխատանքն է, շատերի համար` հիմնական աշխատանքը, եւ եթե երգիչն իր մատուցածի դիմաց նորմալ չի վարձատրվում, նա կամ թողնում է ոլորտը, կամ իջնում է ներքեւ: Շատերը գերադասում են երկրորդը»,-մեկնաբանեց Սերգեյը:
Մենք հետաքրքրվեցինք` որ դեպքում երգիչը կվերադառնա ասպարեզ. «Երբ զգամ, որ հայ հանդիսատեսն ունի փոփի կարիք, որ փոփը կրկին թրենդային է: Եթե չես աշխատում մեծամասնության համար, անընդհատ գործ կանես, բայց գումար չես աշխատի: Ես չեմ ուզում թվալ կոմերցիայի հետեւից ընկած մեկը, եթե այդպիսին լինեի, վաղուց կերգեի այն, ինչ իմ սրտով չէ: Ամերիկյան փոփ ոլորտն, օրինակ, պարբերաբար լցվում է անորակ երգերով եւ մաքրվում: Մեզ մոտ այդ ֆիլտրումը չկա»,-պատասխանեց նա:
Սերգեյը տեղեկացրեց, որ այժմ մի շարք միջազգային մրցույթների շրջանակում հանդես է գալիս որպես երաժշտական պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ.«Հաճախ աշխատում եմ ուկրաինացի, ռուսաստանցի երգիչների հետ: Հայաստանում, օրինակ, դժվար է այդ գործով զբաղվել. մեր երգիչները հաճախ չեն գիտակցում, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելու եւ այնտեղ հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է որոշակի գումար ներդնել, եւ հետո նոր վերադարձնել այն: Այսինքն` մերոնց դեպքում հաճախ ֆինանսական խնդիրներ են առաջ գալիս: Ամեն դեպքում, այս պահին աշխատում եմ հայաստանցի երգչի հետ (ես ուրախ եմ այդ առթիվ, այդպես հազվադեպ է պատահում), որը պետք է ներկայանա շվեդական միջազգային մրցույթներից մեկում»,-ասաց Սերգեյը:
Հավելենք, որ երգիչը դասավանդում է Երգի պետական թատրոնում, նա անցկացնում է նաեւ անհատական պարապմունքներ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սամվել Մուրադյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Մուրադյանն ունի մշակույթի գործիչների հետ երկար տարիների աշխատանքային փոխգործակցության փորձ, կառավարման ոլորտի մասնագետ է: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մուրադյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

 

 

ՇԱՀԻՆՅԱՆԸ` ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ստամբուլում հրատարակվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարվող Մարիամ Շահինյանի լուսանկարչական արխիվի հավաքածուն: Այս մասին հայտնում է «Ակօսը»:
Գրքի հրատարակումը ստանձնել է Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը: Մ. Շահինյանի ղեկավարած (1937-1985թթ.) «Ֆոտո-Գալաթասարայ» ստուդիայի անունը կրող գիրքը պատրաստվել է արվեստաբան Թայֆուն Սերթթաշի կողմից:
Նշենք, որ լուսանկարչուհին ծնվել է 1911թ.-ին Սեբաստիայում, Հակոբ Շահինյան փաշայի ընտանիքում: Շահինյանների առանձնատունը եղել է Սեբաստիայի ամենահայտնի կառույցներից մեկը եւ կոչվել է Շահինյանների պալատ կամ «ապակեպատ պալատ»:
Մ. Շահինյանը թողել է շուրջ 20.000 լուսանկարից բաղկացած եւ Ստամբուլի մասին եզակի պատմական լուսանկարչական արխիվներից մեկը համարվող հսկայական ժառանգություն:

 

 

ՇԵՐԸ  ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ Է
Հայազգի հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Today թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ շատ ծանր է տանում ծերանալու փաստն ու չի համակերպվում դրա հետ: «Եթե ծննդյանս տորթի վրա 70 հատ մոմ դնեմ, կգժվեմ»,- խոստովանել է նա:
Շերը նշել է, որ նայում է հայելուն եւ այնտեղ տեսնում ծեր կնոջ. «Ես պատկերացում չունեմ, թե ինչպես է նա այնտեղ հայտնվել»,- անկեղծացել է երգչուհին: Նա տեղեկացրել է, որ Classic Cher համերգային շրջագայությունը վերջինն է լինելու:
Հիշեցնենք, որ 2002-ից ի վեր Շերը մի քանի հրաժեշտի շրջագայության մասին է հայտարարել, սակայն ժամանակի ընթացքում պարզվել է, որ դրանք ամենեւին էլ վերջինը չէին:




Լրահոս