ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Հոկտեմբերի 19-ին կայացավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ նախագահական վերջին բանավեճը, որը զգալիորեն տարբերվեց նախորդներից: Հատկանշական է, որ այս անգամ Թրամփը բարձրացրեց իր մրցակցի` նախագահի թեկնածու առաջադրվելու օրինականության խնդիրը: Կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի նշանակություն ունի այս հարցը հայաստանյան իրականությունում:

Բանավեճի որակական բարձր մակարդակը նախ ապահովվեց դրա վարողի` FOX NEWS-ի լրագրող Քրիս Ուոլլիսի կողմից: Վերջինս առաջնահերթորեն նպատակ էր դրել թույլ չտալ երկու թեկնածուներին դուրս գալ քաղաքավարության սահմանված կանոնների շրջանակներից, ինչը հաջողությամբ իրականացրեց: Ավելին` Ուոլլիսը երկու թեկնածուներին վերաբերվում էր միատեսակորեն` հնչեցնում նրանց քիմքին անհաճո հարցեր, ընդհատում երկուսին էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նախագահական վերջին բանավեճի մոդերատորը մեջբերում էր երկու թեկնածուներին սատարող պարբերականների հոդվածներն (Washington Post, New York Times, Fee Beacon, WikiLeaks) ու առաջարկում թեկնածուներին պատասխանել հրապարակված մեղադրանքներին: Ավելին` FOX NEWS-ի հայտնի լրագրողը չէր կենտրոնանում թեկնածուների միջանձնային հարաբերությունների վրա` պահանջելով նրանցից կոնկրետ քաղաքականությանը վերաբերող ձեւակերպումներ ու բացատրություններ տալ: Այս բանավեճն ապացուցեց, որ նմանատիպ հաղորդումների եւ շոուների որակը գերազանցապես կապված է բանավեճը վարողի անձնական պատրաստվածության հետ ու նրա առջեւ դրված խնդրից: Ուոլիսը ակնհայտորեն նպատակ էր դրել ամերիկացիներին ցույց տալ երկու թեկնածուների քաղաքական-գաղափարական տարբերությունները, ինչը նա իրականացրեց միանգամայն հաջող կերպով:
Ինչեւէ, հարցերի որակով պայմանավորված` թեկնածուների գնահատականներն էլ էին տեղափոխվել քաղաքական հարթություն` ի հեճուկս մեկ-երկու մանր դրվագների: Այդ ընթացքում Թրամփը հասցրեց իր մրցակցին անվանել «զզվելի կին» ու «ստախոս», իսկ Քլինթոնն էլ նրան` «Պուտինի խամաճիկ»: Այդուհանդերձ, առողջ բանավեճ ծավալվեց ԱՄՆ Գերագույն դատարանի հետ կապված խնդիրների, տնտեսական եւ արտաքին քաղաքականության հիմնահարցերի շուրջ: Դժբախտաբար, երկու թեկնածուներն էլ ցույց տվեցին, որ խորապես չեն գիտակցում պետության խնդիրները եւ իրենց հայտարարություններում ելնում են ընտրողներին սիրաշահելու մղումից: Հեղինակավոր տնտեսագետների մտահոգություններն առ այն, որ Թրամփի ու Քլինթոնի տնտեսական ծրագրերն անխուսափելիորեն ավելացնելու են ԱՄՆ-ի արտաքին ու ներքին պարտքը, չվիճարկվեց թեկնածուներից եւ ոչ մեկի կողմից: Պարզ է, որ կառավարության դերակատարության մեծացմամբ Քլինթոնը լուծելու է կարճաժամկետ խնդիրներ` հաջորդ նախագահներին դժվարությունների առաջ կանգնեցնելով, իսկ կառավարության մեկուսացման հետեւանքով Թրամփը հազիվ թե կարողանա ապահովել տնտեսական կարգի կայունությունը: Հաշվի առնելով, սակայն, որ ԱՄՆ վերջին 8 տարիների տնտեսական քաղաքականությունը հիմված է եղել սոցիալ-դեմոկրատիայի գաղափարների վրա, հերթը կարծես թե պետք է զիջվի պահպանողական ազատականությանը: Տնտեսական քաղաքականության հերթագայությունը ԱՄՆ-ում ընդունված պրակտիկա է, երբ կոնկրետ ժամանակային կտրվածքում գործադրվում է ազատական, ապա սոցիալիստական մոտիվներով քաղաքականություն, որոնք միմյանց ավելի շատ լրացնում են, քան հակադրվում:
Բանավեճի ամենակարեւոր հարցը, սակայն, վերաբերում էր ընտրությունների արդյունքների ընդունմանը: Թրամփը համառորեն հրաժարվեց ընդունել, որ հաշտվելու է Քլինթոնի նախագահության հետ: Շեշտելով ընտրությունների կեղծման հավանականությունը` Թրամփը գտնում է, որ իր գործողությունների բազայում արդյունքների վիճարկման տարբերակը պետք է մնա ճիշտ այնպես, ինչպես վարվեց Ալ Գորը 2000թ.: Հանրապետականների թեկնածուն նաեւ ուղղակիորեն պնդեց, որ Քլինթոնի առաջադրումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ: Թրամփը նկատի ունի ԱՄՆ Կոնգրեսից ստացված պաշտոնական կանչից հետո Քլինթոնի կողմից 33.000 գաղտնի նամակների վերացման փաստը: Թրամփն իրավացիորեն նկատում է, որ ցանկացած ամերիկացի, եթե նման հանցանք գործեր, նրա կյանքը դժոխքի կվերածվեր, իսկ կարիերան` անհետ կոչնչանար: Սակայն Քլինթոնի պարագայում ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ ՀԴԲ-ի կողմից գործը կարճվեց, նախկին առաջին տիկինն էլ հավականում է նախագահի պաշտոնին:
Հայաստանում նախագահության թեկնածուների առաջադրման օրինականությունը սկսել է կասկածի տակ դրվել 1998թ.-ից: Այնժամ Ռոբերտ Քոչարյանը, չհամարվելով Հայաստանի Հանրապետության 10-ամյա քաղաքացի, մասնակցեց նախագահական ընտրություններին եւ, վիճելի արդյունքներով, հաղթող ճանաչվեց: Նրա մրցակիցներ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը եւ այլք քանիցս բարձրաձայնեցին այդ խնդիրը, սակայն արդարադատության համակարգը ուշադրություն չդարձրեց կարեւորագույն այդ նրբության վրա: Նույնը կրկնվեց արդեն 2003թ.: Իսկ արդեն 2008թ. Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց այն ժամանակվա Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի կոպիտ խախտմամբ, որով սահմանվում էր, որ պաշտոնյան ընտրությունների ընթացքում պետք է ազատվեր պարտականությունների կատարումից: Սարգսյանը ոչ միայն արձակուրդ չէր գնացել, այլեւ ամենուր հանդես էր գալիս իբրեւ ՀՀ վարչապետ` ուղղակիորեն չարաշահելով պաշտոնեական դիրքը: Ցանկացած նորմալ երկրում Սահմանադրական դատարանն այս մի հիմքով պիտի անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները: Ի տարբերություն Քլինթոնի, որի դեպքում հետաքննությունը դադարեցվել է հանցակազմի բացակայության մեկնաբանությամբ, թեեւ, իհարկե, Թրամփը շարունակում է քաղաքական մեղադրանքներ ներկայացնել, Հայաստանում ՍԴ-ը անթաքույց խախտումը չտեսնելու տվեց եւ իր հերթին օրենքի խախտմամբ վավերացրեց օրենքի խախտումը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԷՑ-Ը ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԾԿՀ-ԻՆ

Երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 5 մլն դրամ տուգանելու մասին:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը: Բանն այն է, որ այս տարվա ապրիլին ՀԾԿՀ-ն պարզել էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում: Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել, որ մինչեւ օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը: Սակայն դա չի իրականացվել, եւ պարզվում է՝ մոտ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն: Ինչի արդյունքում ՀԾԿՀ-ն որոշել է տուգանել ՀԷՑ-ին՝ 5 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանից հետաքրքրվել էր՝ արդյոք իրենք առարկելու են նշված որոշման դեմ: Ի պատասխան՝ մամուլի պատասխանատուն ասել էր, որ նիստի ընթացքում իրենց ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց փաստարկները: Եվ, ահա, երեկ «ՀԷՑ»-ը էլեկտրոնային հաշվիչների ժամային գրաֆիկների շեղումների վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ներկայացրեց ընկերության պարզաբանումը: Ըստ այդմ, ՀԷՑ-ում առկա բոլոր շուրջ 380 հազար էլեկտրոնային հաշվիչների ժամային գրաֆիկները սահմանված կարգով ստուգվել եւ ժամային տարբերության հայտնաբերման դեպքում տեղում ուղղվել են, սակայն դրանցից մոտ 30 հազար հաշվիչների գրաֆիկները տեխնիկական պատճառներով կրկին շեղվել են եւ լաբորատոր միջամտության կարիք ունեն: Ըստ ՀԷՑ-ի՝ այդ գործընթացը ժամանակատար է, եւ ձեռնարկված են համապատասխան միջոցառումներ մարտկոցների, նոր հաշվիչների ձեռքբերման եւ վերանորոգումների իրականացման ուղղությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
27 ՏԱՐՎԱ ՏՆՕՐԵՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել է Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի 27 տարվա տնօրեն Լյովա Բարոյանը, ում փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, դաշնակցական Ռուդիկ Վարդանյանը: Այլեւս նախկին տնօրեն Լյովա Բարոյանը «ժողովուրդի» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ պնդելով, որ իրեն տնօրենի պաշտոնից ազատելն ու նոր տնօրեն նշանակելը քաղաքական խնդիր է. «Նախ իմ պայմանագրի ժամկետն էր վերջացել, որը 5 տարով էր, բայց ես դեռ 2,5 տարի կարող էի աշխատել: Առաջիկայում մրցույթ պետք է հայտարարվի, բայց հարցը նա է, թե ինչու հարմար գտան ուրիշ պաշտոնակատար բերեն, նշանակեն, ամբողջ հարցը հենց դրանում է»:
Հարցին, թե արդյոք սա քաղաքական որոշում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես էդպես եմ կարծում: 27 տարի տնօրեն եղած ժամանակի իմ արդյունքները միշտ գոհացնող են եղել, իմ դպրոցը լավագույնների մեջ է եղել հանրապետությունում: Կարող էին նաեւ տնօրենին թողնել պաշտոնակատար, ով ուզում էր, թող գար ու մասնակցեր մրցույթին, թող փոխտնօրենին պաշտոնակատար նշանակեին, ես էլ, դրսից եկողն էլ մրցույթի մասնակցեինք»,-ասաց նա՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը վիրավորական է իր համար. «Այդքան տարի աշխատելուց հետո նախարարությունը չի բարեհաճում գոնե տնօրենին կանչի, հետը երկու բառ խոսա: Զանգով ասում են՝ էս ինչ օրը էս ինչ մարդը գալիս ա ձեր մոտ պաշտոնակատար: Դա ի՞նչ վերաբերմունք է, դա կրթությունից կիլոմետրերով հեռու մարդու վերաբերմունք է: Ես այդքանը կասեմ»,- նշելով, որ այս ամենի ետեւում միայն նախարարն է կանգնած, ով էլ այս կերպ փորձում է դաշնակցության դիրքերն ամրապնդել Վանաձորում: Դպրոցի տնօրենի մրցույթը կայանալու է առաջիկա ամիսներին: Նախկին տնօրենը, ով ներկայումս դպրոցում աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, մեկ անգամ եւս արտահայտեց իր վիրավորանքն ու զարմանքը, քանի որ իրեն այդ մասին միայն զանգով են տեղեկացրել. «Եթե ոչ ինքը՝ նախարարը, ապա գոնե իր տեղակալը ինչ-որ վարչության պետի հանձնարարեր, ինձ կանչեին, հետս երկու բառ զրուցեին: Բա կրթությամբ անհանգստացած մարդը նման բան կանի՞»,-նկատեց նա: Նկատենք, որ տնօրենի փոփոխությանը դեմ են արտահայտվել դպրոցի ուսուցիչները, ովքեր նամակ են ուղարկել նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է ազատվել դպրոցի տնօրենը:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս