Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ապրող Վահրամ Հովհաննիսյանի մասին ակնարկի նյութեր հավաքելու ժամանակ պարզվեց, որ իմ դիմաց նստած մարդը քաջ ու հայրենասեր հայորդի է: Չգիտեի ինչպես ներկայացնել նրան՝ որպես ազատամարտիկի, թե որպես ֆերմերի, ով հաջողությունների է հասել գյուղատնտեսության բնագավառում: Բոլոր դեպքերում այդ մարդու կյանքի երկու դրսևորումներն էլ արժանի են դրվատանքի:
Վահրամը երկու անգամ վիրավորվել է: Մինչ օրս նրա կրծքավանդակում երկու բեկոր կա: Հասկանալի է, որ դրանք զգացնել են տալիս, և այնքան խիստ, որ Վահրամը մի քանի անգամ «գնացել է էն աշխարհ, ետ եկել»…
Վիրավոր ազատամարտիկը լուրջ բուժման կարիք ուներ, ինչը բավականին թանկ արժեր: Դրա համար Վահրամ Հովհաննիսյանը ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից որոշակի գումար է վերցնում, որպեսզի մեկնի Գերմանիա: Բայց այդ գումարը չի բավականացնում, և նա այդ միջոցներով ֆերմա է ստեղծում: Եվ ահա մեկուկես տասնամյակ նա արդեն բանկի օրինակելի վարկառուներից է:
Հողի աշխատանքին Վահրամը ծանոթ էր տակավին 8-րդ դասարանից: Նրա հայրը եղել է գյուղի կոմբայնավարներից մեկը, և, բնական է, որ պատանին մանկուց է սիրել տեխնիկան: Այդ սերը նրան օգնել է հաջողության հասնել:
Ֆերմերն ասում է․ «Հողը պետք է մշակել, հողը սիրում է, երբ իր հետ հաշվի են նստում: Միայն անբան մարդը կարող է դժգոհել կյանքից, երբ հեկտարներով հող ունի»:
Վահրամը լավատես է: Թեև բժիշկները նրան 2-3 ամսվա կյանք էին տվել, նա արդեն հինգ տարուց ավելի ապրում է, ապրում է ոչ իբրև դատապարտված, այլ ամեն դժվարություններից ելք փնտրող ու հաճախ գտնող մարդ: Այդպիսին է ազատամարտիկ-ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանը, ով ապրում է և արարում Գորիսի չքնաղ գյուղերից մեկում՝ Խնձորեսկում:
Վահրամ Հովհաննիսյանի ֆերմայում կա 20 կով (որոնցից 12-13-ը կաթնատու), 13 հորթ և 9 մայր խոզ: Ասենք, որ Վահրամը հավատում է խոզաբուծության արդյունավետությանը: Նա մեկ-մեկ թվարկում է, թե իրեն ինչքան եկամուտ են բերում մայր խոզերը՝ տասնյակ խոճկորներով:
Անասնապահությունից ստացած եկամուտների մասին խոսելուց հետո Վահրամը պատմում է, որ իր ունեցած հողատարածքներից 60 հեկտարի վրա ցորեն է աճեցնում, որը հավաքում է սեփական կոմբայնով: Դա ևս ինչ-որ եկամուտ է:
Ազատամարտիկ ֆերմերն անընդհատ պրպտումների մեջ է: Ընթացքի մեջ է նոր, ավելի ընդարձակ խոզանոցի և գոմի շինարարությունը: Վահրամ Հովհաննիսյանը ինտերնետում կարդացել է, որ գոմաղբից հնարավոր է գազ ստանալ: Կարդացել է և ոգևորվել: Մտադիր է ժամանակակից տեխնիկայի այդ ձեռքբերումը կիրառել իր հայրենի Խնձորեսկում:
Վստահ է, որ այդ նախագիծը կիրականացնի, քանի որ ունի ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի պես վաղեմի գործընկեր:
Լևոն Ազրոյան