Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը փորձում է թարմացնել իշխանությունների հետ համագործակցության առաջարկը. ի՞նչ դրդապատճառներ ունեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին արտգործնախարար Ռուբեն Շուգարյանը երեկ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը: Նա ընդգծել է, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրության միջոցով բանակցային գործընթացի շարունակությունն անիմաստ է դառնում, քանզի ապրիլից հետո Ադրբեջանը ցույց է տվել, որ շարունակում է մնալ ԼՂ բնակչության համար որպես գոյութենաբանական սպառնալիք: «Միայն հիշենք, թե ինչ արեցին նրանք խաղաղ բնակավայրերում ծերերի, երեխաների հետ. սա ինչ-որ բան է հիշեցնում, օրինակ՝ ԻԳԻԼ-ի գործողությունները: Այդ իսկ պատճառով այստեղ մենք պետք է մտածենք մի նոր միջազգային նորմի մասին, որը պետք է ներառվի բանակցային գործընթացում»,- tert.am-ին ասել է դիվանագետը:

1991-92թթ. ՀՀ նախագահի օգնականը առաջարկել է նոր մշակվող միջազգային իրավունքը՝ Remedial secession-ը (անջատում հանուն փրկության), որը կիրառվում է այն դեպքում, երբ կա ցեղասպանության հստակ սպառնալիք: Սա ուշագրավ է այն առումով, որ նման առաջարկություն, դեռեւս մայիսի 6-ին, արել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես, հիշեցրել էր, որ այդ մոտեցումն իր կողմից բարձրաձայնվել է դեռեւս 1996 թ. Լիսաբոնում եւ ընդգծել «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել։ Սերժ Սարգսյանի՝ բանակցային սեղանի շուրջ ուժեղ լինելու նպատակով ժողովրդին, ըստ էության, աջակցության կոչ արած Տեր-Պետրոսյանը, ով ավելի վաղ՝ Ս. Սարգսյանի հետ իր տանը հանդիպելուց հետո հայտարարել էր, թե բանակցային գործընթացում ներկայիս տխուր իրավիճակը Սարգսյանը ժառանգել է իր նախորդից՝ Ռոբերտ Քոչարյանից, այդպես էլ չէր պարզաբանել, թե ինչու իր պաշտոնավարման շրջանում այդ դոկտրինը չհաջողվեց կյանքի կոչել:

Փոխարենը, նա նշել էր անգամ միջազգային հռչակ վայելող մասնագետի՝ ֆրանսիահայ իրավագետ Ռաֆֆի Գալֆայանի անունը՝ հավաստիացնելով, որ նա պատրաստ է գալ Երեւան եւ ԱԳՆ-ի հետ լծվել այս դոկտրինը ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծմանը ծառայեցնելու գործին:

Հաջորդող ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանի այս առաջարկն ուղղակի անտեսվել կամ էլ մերժվել է ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս ղեկավարության կողմից: Եվ հիմա, ամիսներ անց Տեր-Պետրոսյանի նախկին օգնականի՝ Ռո. Շուգարյանի կողմից այդ դոկտրինի մասին հիշեցումը հազիվ թե պատահական լինի: Ըստ էության, նախկին նախագահի թիմը փորձում է թարմացնել իշխանությունների հետ համագործակցության առաջարկը: Նախընտրական փուլից առաջ, դա, բնականաբար, առավելապես ներքին դրդապատճառներ կարող է ունենալ: Կլինի արձագանք, թե ոչ, դարձյալ պայմանավորված է լինելու բացառապես ներքին իրավիճակի եւ, ցավոք, ոչ ամենեւին հարցի արտաքին կարեւորությամբ:




Լրահոս