ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը ողջունելով Անդրեյ Դանկոյին` նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:
Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում Գալուստ Սահակյանը կարևորել է Սլովակիա-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը, ինչը, ըստ նրա, կխթանի խորհրդարանական կապերի զարգացումը:
Բարձր գնահատելով Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու ցեղասպանությունների ժխտման քրեականացումը՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր և նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց hետագա կանխարգելման համար»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմանը՝ Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել այդ հարցում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել բանակցությունների գործընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել,որ մշակված փաստաթուղթը համատեղ հանձնառության լավագույն երաշխիք կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում: Հաշվի առնելով, որ Սլովակիան այս տարի ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ակնկալում է Սլովակիայի աջակցությունը:
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ջերմությամբ է հիշել նախորդ տարի Հայաստան կատարած այցը, որից հետո նա գործընկերներին խորհուրդ է տվել անպայման այցելել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստան, որը բուֆերային գոտի է համարվում քրիստոնեական և մուսուլմանական երկրների միջև:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Անդրեյ Դանկոն վերահաստատել է, որ Սլովակիան դատապարտում է մարդկության դեմ նման հանցագործություն իրագործողներին և հավելել. «Անցյալ տարի ես զգացի ձեր ազգի մեծ ցավը, ես ևս ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ և խնդրում եմ ընդունեք մեր պատվիրակության այցը Հայաստան՝ որպես հարգանք ձեր նախնիների հիշատակին»:
Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:
Անդրեյ Դանկոն գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայ-սլովակյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել է Անդրեյ Դանկոյին:
Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի: