ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ ամեն ինչ արել են՝ սեփական «հագով» սահմանադրություններ ունենալու համար, սակայն կոնկրետ Սերժ Սարգսյանի դեպքում «սեփական հագով» ամեն ինչ անելու տենդենցը բավականին ցցուն էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո կուսակցության խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք այս կամ այն, թեկուզ հարգարժան անձի հագով ծրագիր եւ կանոնադրություն չի գրում»:

Հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցչի կողմից նման պնդումը, մեղծ ասած, տարակուսելի է: Ընդհանրապես, Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններում է ամեն ինչ «կարվում կոնկրետ անձանց հագով», նրանց քիմքին եւ ամբիցիաներին համահունչ, իսկ Հանրապետականի դեպքում դա առավել քան ցցուն է եւ, ցավոք, դուրս է գալիս ներկուսակցական տիրույթներից: Մասնավորապես՝ ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը բացառապես իր «հագով» գրել տվեց եւ անցկացրեց մի ամբողջ Սահմանադրություն՝ ընդ որում, հընթացս սեթեւեթելով, թե իբր ինքը դա առանձնապես չի ուզում, բայց անում է երկրի համար:
Եվ եթե մինչ այս ՀՀԿ-ականները, հղում կատարելով Ս. Սարգսյանի՝ 2014թ. ապրիլին արած հավաստիացումներին, թե ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, հակադարձում էին ընդդիմության պնդումներին, որ նոր Սահմանադրությունը «կարվում է Սերժ Սագսյանի հագով», ապա ընդամենը մի քանի օր առաջ արաբական al jazeera հեռուստաալիքի հետ զրույցում Սարգսյանի արած հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, չբացառեց իր առաջիկա նշանակումը վարչապետի պաշտոնում, այլեւս տեղ չի թողնում դրա համար:
Անշուշտ, հանուն արդարութան նկատենք, որ ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ ամեն ինչ արել են՝ սեփական «հագով» սահմանադրություններ ունենալու համար: Սակայն կոնկրետ Սերժ Սարգսյանի դեպքում «սեփական հագով» ամեն ինչ անելու տենդենցը բավականին ցցուն էր նրա՝ ՀՀԿ անդամ դառնալու հենց ամենասկզբից: Հավանաբար ՀՀԿ-ում մոռացել են, թե ինչպես կոնկրետ անձի համար կուսակցությունում ստեղծվեց նոր՝ ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոն, որպեզի այն զբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ «չնեղացնելով» այն ժամանկվա ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի տեղը: Եվ ապա՝ վերջինիս առեղծվածային մահվանից հետո այդ երկու պաշտոններն էլ անընդմեջ շարունակեց զբաղեցնել բացառապես ինքը: Հիմա էլ, վերստին, մեկ անձի համար ՀՀԿ-ում այդ երկու պաշտոնները պատրաստվում են առանձնացնել, եթե Կարեն Կարապետյանը, ի վերջո, որոշի դառնալ ՀՀԿ անդամ:

Այնպես որ, ՀՀԿ խոսնակի պնդումը, թե «այլեւս գնում ենք ոչ թե ուժեղ անհատների, այլ ուժեղ կուսակցությունների ճանապարհով», ցավոք, շատ հեռու է մեր իրականությունից:




Լրահոս