Հացի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետք» լրատվական կայքն անդրադարձել էր տարեկանի հացի որակին, մասնավորապես բարձրացնելով որոշ արտադրողների կողմից տարեկանի հացի մեջ տարեկանի ալյուրի առկայության կամ բացակայության, ինչպես նաև մակնշման անհամապատասխանության խնդիրները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), սույն խնդիրները քննարկելու նպատակով, հանդիպում է կազմակերպել հրապարակման մեջ նշված հաց արտադրողների հետ: Քննարկմանը հաց արտադրողները հայտնել են իրենց անհամաձայնությունը հրապարակման արդյունքների և կասկած են հայտնել լաբորատոր փորձարկումների արդյունքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է մակնշման մեջ առկա անհամապատասխանություններին, ապա հաց արտադրողները պարտավորվել են շտկել դրանք:
Ծառայությունը սուպերմարկետների ցանցերում սննդամթերքի դիտարկումների ընթացքում անդրադարձել է նաև հացին:
Սուպերմարկետներում դիտարկումներից հետո, անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի հացի արտադրությունում, «Իմէքս», «Թոռնուհի Մանե», «Մարմարին» ՍՊԸ-ներում և «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ում ուսումնասիրվել է տարեկանի հացի արտադրության գործընթացում տարեկան ալյուրի առկայությունը և օգտագործումը, քանակությունների և դրա նորմատիվ փաստաթղթով սահմանված չափաքանակի համապատասխանությունը, հացի մակնշման մեջ նշված բաղադրության համապատասխանությունը արտադրությունում փաստացի օգտագործվող բաղադրիչներին. խախտումներ չեն հայտնաբերվել:
Հաց արտադրողների մոտ կատարված վերահսկողության ընթացքում Ծառայությունը կատարել է նաև նմուշառում: Նմուշառված տարբեր հացերի լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ և «Մարմարին» ՍՊԸ կողմից տարեկանի ալյուրով արտադրվող հացերի նմուշները համապատասխանել են մակնշման մեջ առկա տեղեկատվությանը և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:

Իմեքս» ՍՊԸ-ի արտադրության Բորոդինսկի» հացը չի համապատասխանել միջուկի խոնավության ցուցանիշով, իսկ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրության «Ռժանոյ» հացի միջուկի թթվայնությունը կազմել է 2,450T, «Ստոլիչնի» ապրանքանիշի հացատեսակինը` 2,4 տոկոս: Lաբորատոր փորձաքննություններն իրականացվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Միաժամանակ փորձաքննություն է իրականացվել նաև «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից, որի փորձարկման արձանագրությունների համաձայն՝ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրության «Ստոլիչնի» և «Սլավյանսկի» հացերի միջուկի թթվայնությունը կազմել է համապատասխանաբար 2,540T և 2,630T, իսկ խոնավությունը՝ համապատասխանաբար 40,9 և 41,7 տոկոս:
Այսպիսով, «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրած հացերի բաղադրությունը չի համապատասխանում մակնշման բովանդակությանը, ինչպես նաև տարեկանի ալյուրով կամ տարեկանի և ցորենի ալյուրների համակցությամբ արտադրվող հացերի ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին, ինչը հացի մեջ տարեկանի ալյուրի սահմանված քանակից քիչ օգտագործելու կամ տարեկանի փոխարեն ցորենի ալյուրի օգտագործման արդյունք է:
Լաբորատոր փորձարկումների արդյունքները ներկայացվել են արտադրող տնտեսավարողներին՝ խախտումների և դրանց վերացմանն ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջով:

«Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի գործողություններում ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու հատկանիշների հիմքով պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմքով՝ Ծառայությունը դիմել է ՀՀ դատախազությանը:




Լրահոս