ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների եւ քաղաքագետների հետ: Ներկայացնելով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը՝ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակելով սրել իրավիճակը շփման գծում՝ լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման ջանքերին: «Նման հերթական սադրիչ դրսեւորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարութան արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀ ԱԳ նախարարը ոչ թե սպասում է այս կամ այն անթույլատրելի զարգացմանը, ապա միայն՝ դրան արձագանքում, այլ դա անում է նախօրոք: Սա կարեւոր է, քանի որ հայկական դիվանագիտության ամենամեծ բացթողումներից մեկն էլ հենց այն է, որ մեր կողմից գրեթե երբեք չի լինում նախաձեռնողականություն: ՀՀ ԱԳՆ լավագույն դեպում պոստֆակտում արձագանքողի դերում է լինում: Մինչդեռ գոնե ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ է, որ հայկական դիվանագիտությունն առավել ակտիվ լինի եւ փորձի ինքը օրակարգ ձեւավորել թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային առումներով:
Ավելին՝ հայկական կողմը պետք է մշտապես նախահարձակ լինի, հնարավոր բոլոր ամբիոններն օգտագործելով՝ աղմուկ բարձրացնի ադրբեջանական ցանկացած սադրանքի, հրադադարի խախտման կամ դիվերսիայի դեպքում: Միգուցե ոմանք կասեն, որ դա կարող է հոգնեցնել միջազգային հանրությանը, սակայն նկատենք, որ հոգնեցնելն էլ է ձեւ, որպեսզի, ի վերջո, որեւէ քայլ արվի՝ խնդրի լուծման ուղղությամբ: Մինչդեռ հայկական դիվանագիտությունը մինչ օրս ոչ թե հոգնեցնողի, այլ հոգնածի կարգավիճակում է:
Երբ պատերազմական օրերին երկրի արտգործնախարարը նախ՝ «անհետանում է», ապա պարզվում է, որ այդ թեժ փուլում նա մասնակցել է ինչ-որ ֆրանկոֆոն մշակութային իրադարձության, երբ ապրիլյան պատերազմից հետո վերստին դիվերսիոն ներթափանցման փորձ է լինում, եւ հաջորդ օրը Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից որեւէ կերպ չի պահանջվում դատապարտել կատարվածը, երբ Թուրքիայի ԱԳ նախարարը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում է, որ ՌԴ-ն սատարում է 5 շրջանները հանձնելու ուղղությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն չի դիմում ՌԴ-ին այդ պնդման շուրջ մեկնաբանությամբ հանդես գալու պահանջով, այլ բնորոշում, ցավոք, դժվար է տալ: