ՍՊԱՆՎԱԾ 7 ՀՈԳԱՆՈՑ ԸՆՏԱՆԻՔԻ ՓՐԿՎԱԾ ԱՆԴԱՄԸ՝ ՄԱՐԴԱՍՊԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին գրանցվել են մի քանի աղմկահարույց դեպքեր, երբ սպանդի են ենթարկվել ամբողջական ընտանիքներ: Դրանցից մեկը Լոռու մարզի բնակիչ Արմեն Կախյանի ընտանիքն է: Ներկայումս, սակայն, Արմենն ինքն է մեղադրվում սպանության մեջ: Խոսքը փետրվարի 22-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում կատարված սպանության մասին է, որով քրեական գործը մտել է դատարան:

Իսկ ինչ էր կատարվել այդ օրը

Փետրվարի 22-ին՝ Ժամը 02:00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վահագնի գյուղում՝ ճանապարհի վրա, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա: Դեպքի վայր ժամանած իրավապահները ճամփեզրին հայտնաբերել էին Վահագնի գյուղի բնակիչ, 42-ամյա Նվեր Քոչինյանի դին: Սպանությունն իրականացրած անձը դիմել էր փախուստի: Դեպքից ժամեր անց արդեն քննչական մարմինը, որպես կասկածյալ, ներգրավեց նույն գյուղի բնակիչ Արմեն Կախյանին, ում նկատմամբ ավելի ուշ հայտարարվեց հետախուզում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Արմեն Կախյանն ու սպանվածը մանկության ընկերներ էին, տարիներ անց ՌԴ-ում համատեղ փայտամշակման բիզնես էին դրել, որի շուրջ, սակայն, ֆինանսական հարցեր էին առաջացել, ինչի հետեւանքով էլ դեպքի օրը Արմենը, հանդիպելով Քոչինյանին, հանել էր հրացանն ու սպանել նրան: Նվեր Քոչինյանին համագյուղացիները բնորոշում էին որպես հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն: Նա երկու երեխաների հայր էր: Վերջին տարիներին զբաղվում էր գյուղատնտեսությամբ, իսկ մինչ այդ, երկար տարիներ գտնվել էր ՌԴ-ում, Արմեն Կախյանի հետ համատեղ բիզնես էին ծավալել, փայտամշակման կետ հիմնել ու աշխատեցրել:

Իսկ ով էր Արմեն Կախյանը

16 տարի առաջ՝ հունվարի 28-ին, անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն եւ հրազենի գործադրմամբ սպանել էին ե՛ւ նրան, ե՛ւ տանը գտնվող ընտանիքի մյուս վեց անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին ու հղի կանանց: Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը՝ 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը՝ 25-ամյա Արեւիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը եւ վերջինիս նորածին դուստրը: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը եւ մեծ դուստրը՝ Ալվարդը: Վերջինս ամուսնացած էր եւ առանձին էր ապրում, իսկ Արմեն Կախյանը ողջ էր մնացել, քանի որ այդ օրը գտնվում էր Վրաստանում: Դեպքի մասին էլ Արմենը պատահական էր իմացել, երբ Վրաստանից ժամանելով գյուղ՝ ճամփեզրին տեսել էր հավաքված ոստիկաններին ու մարդկանց:
Արմեն Կախյանի հայրը՝ սպանված Սերյոժա Կախյանը, Վանաձորի մեծահարուստներից էր: Նրան էին պատկանում սննդի մի շարք օբյեկտներ՝ ռեստորան, խանութներ, հացի արտադրամաս, շուկա:
Կախյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը մինչ օրս չի բացահայտվել: Արմեն Կախյանը դեպքից տարիներ անց վերադարձավ հայրենի գյուղ, սկսեց զբաղվել իր բիզնեսներով: Ինչպես արդեն նշեցինք՝ նա բիզնեսներ ուներ նաեւ ՌԴ-ում եւ Թիֆլիսում: Կախյանին ճանաչողները եւս պնդում են՝ Արմենը որեւէ մեկին չէր նեղացնի, եթե չփորձեին իր հանդեպ վատ քայլ անել:

Վրեժխնդրություն՝ սպանությունից օրեր անց

Սպանությունից օրեր անց՝ փետրվարի 22-ին, առավոտյան 7:30-ի սահմաններում, անհայտ անձինք հրկիզեցին Նվեր Քոչինյանի սպանության մեջ մեղադրվող Կախյանների երկհարկանի առանձնատունը: Հրկիզումից ժամեր անց ոստիկանության բաժիններ տարվեցին Նվեր Քոչինյանի ընտանիքի անդամներն ու հարազատները: Ի դեպ, նշենք, որ առանձնատանը հայտնաբերվել էին ինքնաձիգ, փամփշտակալներ, պարկուճներ: Շաբաթներ շարունակ ոստիկանության Լոռու մարզային վարչության տարբեր ստորաբաժանումներ ուժեղացված ծառայություն էին իրականացնում Կախյանի եւ սպանվածի բնակարաններում, ինչպես նաեւ պահպանում էին Արմեն Կախյանին պատկանող բիզնեսները, քանի որ կային հստակ տվյալներ, որ վրեժխնդրությունը շարունակվելու է:

Սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվեց ամիսներ անց

Հունիսի 26-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հայտնաբերել եւ բերման են ենթարկել Արմեն Կախյանին: Նա հետախուզման մեջ էր գտնվում սպանության եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով:
Մեր տեղեկություններով՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ դատարանում է, իսկ Արմեն Կախյանն իրեն առաջադրված մեղադրանքը մինչ օրս չի ընդունում: «Ժողովուրդը» փորձեց կապ հաստատել Արմեն Կախյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, վերջինս, սակայն, ողջ օրվա ընթացքում այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՎՃԱՐ ԲԱԺԱՆՎԱԾ ԴԵԿՈԴԵՐՆԵՐԻՑ
ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով հազարավոր ընտանիքների բաժանվել են DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Նկատենք, որ շատ ընտանիքներ այդպես էլ չկարողացան ստանալ անհրաժեշտ սարքն ու այսօր փաստացի զրկված են հեռուստահաղորդումներ դիտելու հնարավորությունից: Իսկ նրանք, ովքեր անվճար ստացան այդ թվային ընդունիչ սարքերից, հաճախ դժգոհում են դրանց աշխատանքից: Քաղաքացիները պնդում են, որ այդ սարքերը նորմալ չեն աշխատում ու գործարկման պահից ամիսներ չանցած՝ արդեն իսկ ամբողջությամբ կամ մասնակի խափանվում են: Մեզ հետ զրույցում Վանաձորի բնակիչ տիկին Մարգարիտան պատմեց, որ երբ իրեն տրամադրված սարքը փչացել է, ինքն այն տարել է իր ծանոթ մասնագետի մոտ, ով, սակայն, խորհուրդ է տվել նորը գնել՝ պատճառաբանելով, թե փոխելը ե՛ւ ավելի թանկ կարժենա, ե՛ւ վերանորոգված սարքը երկար չի աշխատի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշեց, որ իրենք եւս որոշակի ահազանգեր ստացել են սարքերի խափանումների հետ կապված, սակայն դրանք այնքան չնչին են, որ նույնիսկ մեկ տոկոս չեն կազմում: Ամալյանի խոսքով՝ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն ստացող ընտանիքների ցուցակը տրամադրվել է սոցապ նախարարության կողմից, բաշխումը կատարվել է մարզպետարանների ու ՏԻՄ կառույցների միջոցով.«Պետությունը, երբ որ սարքերի գնման մրցույթը հայտարարեց, հստակ պայման դրեց մասնակիցների առաջ՝ 1 տարվա երաշխիքային սպասարկում, քաղաքացուն պետության կողմից տրամադրված սարքը երբ որ փչանում է, քաղաքացին այն պետք է տանի երաշխիքային սպասարկում իրականացնող իրենց մարզային կառույց, որն էլ հնգօրյա ժամկետում պետք է նորոգի սարքը, իսկ եթե այս կամ այն պատճառով չի կարողանում ապահովել հնգօրյա ժամկետը, ապա պետք է բնակչին նորը տրամադրի»,-ներկայացրեց Ամալյանը՝ հավելելով, որ երաշխիքային կտրոնն ու սպասարկման տարածքային կենտրոնների բոլոր տվյալները ներառված են սարքերի տուփերի մեջ:
ՀՌԱՀ տնօրենի վստահեցմամբ՝ իրենց կողմից տրամադրված սարքերը որակյալ են, պետությունը այս առիթով բավականաչափ ուշադիր է ոչ միայն սարքերի ձեռքբերման ու բաշխման, այլ նաեւ հետագա երաշխիքային սպասարկման հետ կապված:

Է. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը 520-ով պակասել է:

Մահացության պատճառներից առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց պատճառով այս տարվա 9 ամիսներին մահացել է 9788 մարդ: Նշենք, որ տվյալ հիվանդություններից մահացածների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 108-ով կամ 1.1 տոկոսով ավելացել է: Իսկ, ահա, դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացածների թիվը այս տարվա 9 ամիսներին անցած տարվա համեմատ 13-ով պակասել է՝ կազմելով 975: Նորագոյացություններից մահացած մարդկանց թիվը նույնպես նվազել է՝ 486-ով՝ կազմելով 4036 հոգի:
Շնչառական օրգանների հիվանդություններից մահացել է 1668 մարդ, որը նույնպես անցած տարվա 9 ամիսների համեմատ 4.3 տոկոսով ավելացել է: Իսկ մարսողական օրգանների հիվանդություններից մահացածների թիվը 2.3 տոկոսով նվազել է. այս տարվա 9 ամիսներին նշված հիվանդությունից մահացել է 1227 մարդ: Այլ հիվանդություններից հաշվարկված ժամանակահատվածում մահացել է 2544 մարդ:
Այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը եւս նվազել են 7.9 տոկոսով: Այսինքն՝ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների 257 մահ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 279: Ի դեպ, 0-4 տարեկան մահերը նույնպես պակասել են. այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 298 մահ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 333:
Այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցված ամուսնությունների թիվը 7.9 տոկոսով նվազել է: Այսինքն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է 12.088 ամուսնություն: Իսկ արձանագրված ամուսնալուծության դեպքերը կազմել են 2682, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.2 տոկոսով նվազել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս