«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի քանի ժամ կուսակցության Կոմիտասի գրասենյակում խիստ կոնսպիրատիվ պայմաններում փակվելուց հետո «Ժառանգությունը» հաղորդագրություն  տարածեց  այն մասին, որ իրենք որոշել են կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակների վերաբերյալ որոշումը կայացնել  վեց օրից  կուսակցության  քաղխորհրդի նիստում: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի` երեկ մեզ հետ ունեցած զրույցից դատելով` «Ժառանգությանն» այս շաբաթ խորհրդարանում չենք տեսնի: Իրադարձությունները սկսվեցին երեկ կեսօրին Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազգային Ժողովում արած հայտարարությունից: Պարոն Հովհաննիսյանը  ԱԺ քառօրյայի օրակարգի նախագծի հաստատման ժամանակ  նախ հայտարարեց, որ ԱԺ-ի  օրակարգը չի արտացոլում Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին եւ  ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները, ապա մոտ տասնօրյա ուշացումով անդրադարձավ կոալիցիոն հուշագրին. «Վերջերս  գործող նախագահն իր կուսակցապետ գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ, ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլեւ  հասարակությանն ուղղված պատգամն այն մասին, որ` «LևEtat cևest moi»` «Պետությունը ես եմ» եւ  իմ դեմ խաղ չկա: Եվ այդ արտաքին քաղաքականությունը, որը տեւապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը  եւ  ազգային շահը, շարունակվելու է առաջիկա յոթ տարիների ընթացքում»: Այս խոսքերից հետո նիստը վարող Սամվել Նիկոյանը,  պատճառաբանելով, թե հայտարարությունը վարման կարգի հետ կապ չունի, անջատեց Հովհաննիսյանի խոսափողը: «Ժառանգության» հիմնադիրն էլ կոալիցիային ասելով, թե հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, որովհետեւ, ինչպես սուրբ պատարագն է սիրով, ճշմարտությամբ եւ ոչ երբեք հեգնանքով ասում` «Առե՛ք, կերե՛ք», ամբողջ կազմով լքեց ԱԺ դահլիճը եւ քիչ անց ուղեւորվեց կուսակցության գրասենյակ` ժողով անելու:Քանի որ նրանք հեռանալիս ոչինչ չէին բացառել, այդ թվում եւ մանդատները վայր դնելու որոշումը, կոալիցիոն պատգամավորները «Ժառանգության» պատասխանին սպասող լրագրողներին խորհուրդ էին տալիս սենսացիաներ չակնկալել` նշելով, որ սա շոու է, որ նրանք երբեք չեն թողնի այն ամբիոնը, որը դեռ տարիուկես` ամսվա մեջ ութ  օր, կարող են օգտագործել իրենց քարոզարշավի համար: Պատգամավորներից ոմանք իրար հետ գրազ էին գալիս, թե «պլյուս-մինուսով» ինչ տեքստով  է  «Ժառանգությունը» վերադառնալու խորհրդարան, որ ԱԺ-ն փոքր, բայց ժողովրդի մտահոգությունները բարձրացնելու ամբիոն է, եւ այսպես շարունակ:  Պատգամավորներից մեկն էլ  խորհուրդ  տվեց  ուսումնասիրել, թե պետության հաշվին գործուղվող  պատգամավորների քառյակում «Ժառանգության»  անդամները որ տեղում են: Անկախ նրանից, թե այս գնահատականները որքանով են համապատասխանում իրականությանը, նկատենք, որ փոքր-ինչ  տարօրինակ է, որ «ժառանգության» այս դեմարշը  համընկավ երեկ ԵՊՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի բավական կոշտ հայտարարություններին` կապված ժողովրդավարական գործընթացների, քաղաքացիական հասարակության, ժողովրդի վրա չկրակելու ու էլի շատ հարցերի մասին  ԱՄՆ պատկերացումների հետ:  Մյուս կողմից  էլ  ակնհայտ է, որ  չնայած Գյումրիում ծավալած պայքարին` «Ժառանգություն»-ը  ՀԱԿ-ի հայտարարած հանրահավաքային ալիքի  պարագայում որոշ առումով  դուրս է ընդդիմադիր  գործընթացներից  եւ դրանց ինտեգրվելու  խնդիր ունի: Ու  պատահական չէ, որ «Ժառանգություն»-ը  Բաղրամյանի վերջ` իր գրասենյակ բարձրացավ «չերեզ» քաղաքապետարան` այնտեղ  ոչ միայն մասնակցելով  առեւտրականների  ցույցին, այլեւ նրանց հետ «պառկեց ասֆալտին»` ենթարկվելով  ոստիկանների բռի գործողություններին:  Ստեփան Սաֆարյանն այդ քայլը բացատրեց նրանով, որ քաղաքապետարան ուղարկված նամակի պատասխանը ստանալու խնդիր կար եւ, բացի այդ, իրենց զանգահարել էին  ցուցարարներն ու  մինչեւ ժողովն էլ դեռ մի քիչ ժամանակ կար, այդ պատճառով էլ իրենք գնացին քաղաքապետարան: Հ.Գ. Արդյոք սա սոսկ մեկշաբաթյա բոյկոտ է, թե ավելի երկարատեւ ակցիա, առայժմ անհայտ է: Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իրենց կողմից չի շրջանառվել «բոյկոտ» բառը: Իսկ հարցին, թե  մանդատները վայր դնելու հարցը դեռ օրակարգո՞ւմ է,  պատասխանեց, որ  նման հարց տվողները չգիտեն`  ինչ է «Ժառանգություն»-ը. դա կուսակցություն է, որտեղ քաղաքական որոշումներն ընդունվում են բոլորի կողմից: Եւ, հետեւաբար, ոչինչ  հաստատել կամ  բացառել հնարավոր չէ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս