ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Մատենադարանի տարածքում հրավիրած երեկվա հանրահավաքը սկսեց իշխանություններին ամոթանք տալով. «Պետք է ասեմ, որ իշխանությունները, գուցե ի ուրախություն էն կռռացողների, փակել են շրջանների բոլոր ճանապարհները: Եկեք ասենք` ամո~թ»: Հանրահավաքի մասնակիցների ամոթաքի բղավոցներից հետո Կարապետիչը ժողովրդին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի եւ մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այնուհետեւ Տիգրան Կարապետյանն իր շնորհակալությունը հայտնեց ժողովրդին. «Ինչքան էլ փորձում են ճանապարհները փակել, դուք, միեւնույնն է հավատում եք եւ ապացուցում, որ ձեր դեմ խաղ չկա»: Գովասանքի այս խոսքերից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «մի-ա-ցում», սակայն Կարապետիչի միջամտությունից հետո այն վերափոխվեց «հաղ-թա-նակ»-ի: Այնուհետեւ ելույթ ունեցավ քաղաքական գործիչ Իշխան Թովմասյանը, որն իր խոսքում հիշեց մարտի 1-ը. «Բռնազավթման պատճառով վաղը գարնան առաջին օրը տոնելու փոխարեն ժողովուրդը հիշելու է, սգալու է մեր այն անմեղ զոհերին, որոնք բռնազավթման աթոռի համար զոհ գնացին»: ԺԿ կուցակցության հրավիրած երեկվա հանարհավաքին մասնակցում էին նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները, որոնցից «Շուշիի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք մասնակցելու են նաեւ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին. «Անշուշտ, վաղը նույնպես այս բեմահարթակից մենք պետք է ելույթ ունենանք: ժողովուրդը պատրաստվում է դիմադրելու, եւ մենք խոսք ունենք ասելու: Որտեղ ժողովուրդն է, այնտեղ մենք ենք»: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ իր ելույթում նշեց. «Շատերը հարցնում են` արդյո՞ք արաբական հեղափոխական ալիքը հասնելու է Հայաստան, թե ոչ: Այդ ալիքը այստեղ է: Մենք ուզում ենք, որ մարտի մեկից հետո գա մարտի երկուսը, որովհետեւ տարիներ են անցնում, իսկ մենք անընդհատ մնում ենք այդ մարտի 1-ի արյան, ցավի ու ցասման մեջ»: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը. «Այս վիճակն արդեն խեղդում է մեզ, բայց այսպիսի արգելքներ մեր ժողովուրդը հաղթահարել է: Մեկ օրում կարելի է իրավիճակը փոխել, մեկ օրում կարելի է իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Ժողովրդի խնդիրն այդ օրը որոշելն է: Իմացե՛ք, այս երկրի տերը կա՛մ ժողովուրդն է, կա՛մ շունը, ուրիշ ելք չկա»: Հանրահավաքի վերջում ԺԿ կուսակցության ղեկավարն ասաց, որ վաղն իրենք 16.30-ին մոմավառություն են անելու Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ մարտի 21-ին` ժամը 17.00-ին, կրկին հավաքվելու են Մատենադարանի մոտ` իրենց վճռական խոսքն ասելու: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑԱՎ ՈՒ ՑԱՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ