Վարչապետի հանձնարարականների հետքերով. ինչու Սերժ Սարգսյանը ոչինչ չէր անում` լուծելու առկա խնդիրները՝ հետն էլ ապահովելով սեփական PR-ը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում վերստին անդրադարձել է գիշերային ակումբների խնդրին՝ այս անգամ այլ, ոչ պակաս կարեւոր դիտանկյունից: Նա, մասնավորապես, հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

«Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ եւ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղեկայված են բազմաբնակարան շենքերի տակ եւ անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան, եւ մենք պետք է արձագանքենք»,- ընդգծել է վարչապետը:

Նորանշանակ վարչապետի գործունեության քննադատները երեկ սոցիալական ցանցերում հեգնում էին, թե տնտեսական ճգնաժամի շեմին կանգնած վարչապետը, կարեւոր գործերը թողած, «թիթեռ է նկարում», ավելի ճիշտ՝ ընկել է «գիշերային թիթեռնիկների» գործունեության հետեւից: Մինչդեռ հանուն արդարության՝ հարկ է նկատել, որ Կ. Կարապետյանը բավականաչափ «դրայվով» զբաղվում է ե՛ւ տնտեսական՝ գլոբալ բնույթի խնդիրներով, ե՛ւ, որ շատ կարեւոր է, չի անտեսում այդպիսի՝ ոչ շատ կարեւոր թվացող խնդիրները՝ մատը դնելով «ցավոտ կետերի» վրա: Եվ ասել, որ նա շոումեն է, որի խնդիրը կառավարության նիստերն առավել դիտարժան դարձնելն է եւ ընտրություններին ընդառաջ՝ հանրության մոտ իրական փոփոխությունների սպասումներ ձեւավորելը, որոնք արդյունքում չեն իրականանալու, մեղմ ասած, այդքան էլ արդարացի չէ:

Ի վերջո, հենց նույն գիշերային ակումբների խնդիրը ունի շատ կարեւոր սոցիալական եւ բարոյական նշանակություն: Օրինակ՝ գրականագետ Արտեմ Հարությունյանը տարիներ շարունակ բողոքում էր Գրողների միության հարեւանությամբ գտնվող իրենց բազմաբնակարան շենքի տակ ստրիպտիզ ակումբի գոյությունից՝ արդարացիորեն հարցադրում անելով՝ ինչ պետք է պատասխանի իր երեխային դպրոց տանող մայրը, երբ նա հարցնի՝ թե այդ ինչ կառույց է գործում իրենց շենքի տակ: Սայաթ-Նովա կամ Խանջյան փողոցների բնակիչները եւս տարիներ շարունակ բողոքում էին իրենց շենքերի սեյսմակայունությունն ու բնակիչների նյարդերը քայքայող ակումբների գործունեությունից, սական ապարդյուն:

Եվ եթե այսօր ոմանք պնդում են, թե սա էլ սեփական PR-ն անելուն ուղղված քայլ է, ապա նկատենք, որ նախորդ վարչապետներին, կամ, ինչու ոչ՝ հենց Սերժ Սարգսյանին ոչինչ չէր խանգարում լուծել այս խնդիրը՝ հետն էլ սեփական PR-ն անելով: Ի վերջո, լավին պետք է լավ ասել, վատին՝ վատ:




Լրահոս