Մինչ մանկապարտեզներում, դպրոցներում երեխաները ցրտից սառչում են, կառավարության մի շարք աշխատասենյակներում չափից ավելի տաք է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Կարեն Կարապետյանը պարզաբանեց, թե ինչ ասել է «չքննարկվող» հարց, եւ ինչու է ներկայացվող հարցերից մի մասի դիմաց նշված «չքննարկվող»: Պարզվում է` այսուհետ նախարարությունները իրենք պետք է որոշեն, թե որ հարցերն ու որոշումներն են կատարվելու իրենց մակարդակով, որոնք են բերվելու նիստի օրակարգ: Սակայն տեխնիկական բնույթի եւ հանրության կողմից առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը վարչապետն առաջարկեց տարբերակել եւ ներկայացնել «չքննարկվող» ձեւաչափով:

14997005_1262093713847526_1236229852_n

Ըստ երեւույթին այս գաղափարը վարչապետի մոտ առաջացավ կառավարության՝ հոկտեմբերի 13-ի նիստի ընթացքում ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի առաջարկից հետո: Հիշեցնենք, որ փոխնախարարն առաջարկում էր իր գործընկերոջ համար հեռախոսահամար հատկացնել: Առաջարկը վարչապետին դուր չեկավ, եւ վերջինս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես անել, որ նման հարցերը կառավարության օրակարգ չընդգրկվեն, այնուհետեւ հիշեցրեց, որ պետք է որոշումների ապակենտրոնացում անել:

15050361_1262093753847522_1641326917_n

Երեկ, մինչ կառավարության անդամները, հարմարավետ տեղավորված, իրենց հանձնարարակներն էին ստանում, կառավարության շենքի հետնամուտքի մոտ հավաքված մի խումբ մարդիկ էլ որոշում էին, թե ինչպես նիստից հետո գումար «կպցնեն» պաշտոնյաներից ¥բառն իրենք էին օգտագործում¤: Նրանցից ոմանք վիճում էին, թե ինչպես կիսեն «կպցրած» գումարները, ոմանք սպասում «Կառավարության ծաղկին»` Արփինե Հովհաննիսյանին. այս էլ արդեն որերորդ անգամն է՝ Հովհաննիսյանը «անհասանելի է» շատերի համար:

Նրանցից մեկն անգամ հիշեցնում էր մյուսին. «Չես հիշում՝ 1000 դրամ որ կպցրել էի, քո համար բուլկի առա, կերար»: Նման պատկերը իսկապես ցավալի է: Բայց այս ամենի համար այդ քաղաքացիները մեղավոր չեն, նրանց ներկայիս թշվառ վիճակի պատասխանատուները նիստերի դահլիճում «բուռն» քննարկումներ անցկացնող պաշտոնյաներն են, որոնք ամեն նիստից հետո տարբերակներ են մտածում, թե ինչպես «թռնեն» լրագրողներից եւ այն մարդկանցից, ովքեր իրենց ոտնահարված իրավունքներն են փորձում պաշտպանել:
Նկատենք, որ մինչ մանկապարտեզներում, դպրոցներում երեխաները ցրտից սառչում են եւ հիվանդանում, կառավարության մի շարք աշխատասենյակներում չափից ավելի տաք է: Կառավարության աշխատակիցների համար, պարզվում է, ամառը դեռ չի վերջացել, կամ էլ ոգեւորվել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սպասվելիք իջեցումից: «Ժողովուրդ»-ը երեկ նկատեց կառավարության շենքի մի շարք բաց պատուհաններ: Կարելի է ենթադրել, որ այդ աշխատասենյակներում ջերմաստիճանն այնքան բարձր է, որ աշխատակիցների համար տոթ է: Ի դեպ, այդպիսի պատկեր էր նաեւ ֆինանսների նախարարության մասնաշենքում:

Վահագն Հակոբյան




Լրահոս