Ժամանակներն ու մարտահրավերներն աղետալի արագությամբ փոխվում են. ԱՄՆ-ում կարծես թե դա հասկացել են՝ նախագահ ընտրելով Թրամփի նման գործչին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին տարիներին նաեւ եվրոպական առաջատար երկրների համար հետզհետե ակնհայտ դարձավ, որ մարդու իրավունքների, ռասսայական եւ կրոնական պատկանելության նկատմամբ հարգանքի՝ եվրոպական ընկալումները սպառնում են վերածվել նույն Եվրոպայի ուծացման եւ վերջնարդյունքում՝ ոչնչացման պատճառի: Առաջինը այդ վտանգը ընկալեց Շվեյցարիան, որը հրաժարվեց թույլ տալ երկրում հսկայական մզկիթի կառուցումը: Դա առաջացրեց մուսուլմանների համընդհանուր զայրույթը, որը, սակայն, հետ չպահեց պաշտոնական Բեռնին: Ցավոք, հաջորդող ժամանակահատվածում ԵՄ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, նույնքան կտրուկ չեղան իրենց դիրքորոշումներում, ինչը նույն Ֆրանսիայի կամ Ավստրիայի վրա բավականին թանկ նստեց: Եվ հիմա, հատկապես միգրացիոն ճգնաժամի ֆոնին, եվրոպական երկրները կարծես թե անվերապահ հասկանում են, որ հանդուրժողականության իրենց մոտեցումները պետք է վերանայել, կամ էլ համարժեք վերաբերմունք պարտադրել հակառակ կողմին:

Այս առումով վերջերս բավականին ուշագրավ դեպք է արձանագրվել Իտալիայում, որտեղ ալբանական ծագմամբ 40-ամյա կինը դատապարտվել է 30 հազար եվրոյի չափով տուգանքի` հասարակական վայրում նիկաբը հանել հրաժարվելու համար: Քաղաքային խորհրդի բաց նիստի ժամանակ 2000 թվականից այնտեղ բնակվող եւ վերջերս Իտալիայի քաղաքացիություն ստացած կինը չի ցանկացել հանել ավանդական մուսուլմանական գլխաշորը, որը բաց է թողնում միայն աչքերը, չնայած քաղաքապետի պահանջին: Կինը դուրս է բերվել սրահից եւ մեղադրվել հասարակական կարգի խախտման համար:
Այս միջադեպը ուշագրավ է նրանով, որ հասարակական վայրում գլուխը եւ դեմքը ծածկելու արգելանք սահմանող օրենքը Իտալիայում ընդունվել է ավելի քան 40 տարի առաջ հանցավորության դեմ պայքարի նպատակով, սակայն այն մինչ օրս համընդհանուր կիրառում չի ունեցել: Հռոմի կամ Միլանի փողոցներում եւ այլ հանրային վայրերում հաճախ կարելի է հանդիպել մուսուլմանական գլխաշորերով կամ իկաբներով կանանց, եւ այս առումով հետաքրքիր է, թե Պորդենոն քաղաքի դատավորի նշված որոշումը ինչպիսի ազդեցություն կունենա. արդյո՞ք այն կլինի բացառություն, որը լոկ հաստատում է կանոնը, թե՞ դա կլինի նախադեպ երկրում գերհանդուրժողական մոտեցումների վերանայման առումով:

Իհարկե, կլինեն բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք կպնդեն, որ եվրոպական արժեքները հենց դրանով են արժեքավոր, որ առաջադեմ եւ քրիստոնեական լինելով՝ ուղղակիորեն չեն պարտադրում սիմետրիկ ընկալումներ եւ նորմալ են ընդունում այն, որ, օրինակ, Իրանում իտալուհին կամ ֆրանսուհին պարտավոր է գլխաշոր կրել, հակառակ դեպքում կպատժվի: Սակայն ժամանակներն ու մարտահրավերները աղետալի արագությամբ փոխվում են, եւ, օրինակ, ԱՄՆ-ում կարծես թե դա հասկացել են՝ նախագահ ընտրելով Թրամփի նման գործչին:




Լրահոս