Արդեն պաշտոնապես հրապարակվեց, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` փետրվարի 26-ի հրամանով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանն աշխատանքից ազատվել են: Թե ինչու, պաշտոնական աղբյուրները լռում են` արձանագրելով միայն մի տխուր զուգադիպություն, որ Թամամյանի հայրն ինքնասպան է եղել: Մենք շաբաթ օրը տեղեկացրել էինք, որ Թամամյանի ազատման հրամանի մասին ՀՀ ոստիկանությունում իմացել են ամենավերջինը: Նրանք գիտեին, թե Թամամի գործերը խառն են, որ ՀՔԾ-ն է զբաղվում 150 հազար դոլարի կաշառքի գործով, բայց մտածում էին, որ «կփակվի»: Քանի որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ Հովիկ Թամամյանի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ուներ, ենթադրվում է, որ «սրտի խորը կսկիծով» է ստորագրել անձամբ Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված հրամանը` վատ զգալով անգամ հրապարակել կատարվածի մասին: Թամամյանն էլ իր հերթին էր մտածում, որ քանի դեռ Ալիկ Սարգսյանն իր թիկունքին է, ինքը խնդիրներ չի ունենա, եւ «աջ ու ձախ շփացնում» էր: Բայց նրա առաջընթացը կարճ տեւեց. նրան հերթական անգամ ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Հերթական, քանի որ առաջին անգամը չէ, որ Թամամին ազատում են պաշտոնից, ապա կրկին վերականգնում: Հայտնի է, որ Հովիկ Թամամյանը, անկախ իր մարդկային որակներից ու գազանություններից, ՀՀ ոստիկանության համակարգի ամենալավ օպերատիվ աշխատողն է, եւ նրա կարիքը բոլոր ժամանակներում զգում են: Անգամ մարտի 1-ի իրադարձություններից առանձնապես չտեղեկացված այդ գնդապետը հրապարակավ կանգնեց ու իր վրա վերցրեց ամեն ինչ: Իհարկե, այդ արարքի համար նրան խրախուսանք տրվեց` գեներալի ուսադիրներով, բայց համակարգում բոլորը գիտեն, որ ամենաքիչը Թամամն էր ղեկավարել օպերացիան:Եւ քանի որ Հովիկ Թամամյանն ու Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, մեղմ ասած, «իրար հետ չունեն», ՀՀ ոստիկանության ամենաբարձր օղակներից երեկ չէին բացառում, ավելին, պնդում էին, որ 99 տոկոսով հաջորդը պաշտոնանկ է լինելու Նազարյանը, որը պարտավոր էր որպես Երեւանի ոստիկանապետ տեղյակ լինել ամեն ինչից, այդ թվում եւ «փայ ունենալ» կաշառքից: Սակայն Նազարյանի մերձավորները պնդում են, որ պաշտոնանկությունն անհնար է, «կերազեն»: Թե ինչով կավարտվի ներոստիկանական այս պայքարը, դժվար է ասել` զհաշվի առնելով իրավիճակների անկանխատեսելիությունը: Պաշտոնանկություններ էլի կլինեն ոստիկանությունում: Բայց այդ մասին խոսելու առիթներ դեռ կունենանք: Այժմ փորձենք հասկանալ Թամամյանին պաշտոնանկ անելու երեւացող կամ, ինչպես ասում են, թույլատրելի հրապարակայնություն ունեցող պատճառները: Նշվում է, որ ազատման հիմնական պատճառը եղել է այն, որ Թամամի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա: Խոսքը անցած տարվա մայիսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի ունեցած սպանության մասին է, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց հաջորդ օրը` մայիսի 13-ին, բացահայտվեց: «Պարզվել է, որ մայիսի 12-ին` ժամը 22.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 17 եւ թիվ 19 շենքերի մոտ վիճաբանության ժամանակ Խաչիկ Մկրտչյանն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել եւ հրազենային վնասվածքներ է պատճառել Արսեն Աբրահամյանին եւ Պետրոս Գ.-ին: Փոխհրաձգության ժամանակ Արսեն Ա.-ն իր մոտ եղած ապօրինի կերպով պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել եւ հրազենային վնասվածք էր պատճառել Խ. Մկրտչյանին, որը 1987թ. ծնված Նարեկ Օ.-ի վարած «Մերսեդես SLK» մակնիշի ավտոմեքենայով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Դրանից հետո Նարեկ Օ.-ն, Խ. Մկրտչյանի դիակը թողնելով «Արմենիա» ՀԲԿ-ի ընդունարանում, անհայտ անձի հետ դիմել էր փախուստի»,- անցած տարվա մայիսի 13-ին այսպիսի հաղորդագրություն տարածեց ոստիկանությունը:Ու այս` շարքային թվացող գործով բավականին պրոցեսներ սկսվեցին: Երեկ մենք զրուցեցինք Հովիկ Շահինյանի հարազատներից մեկի հետ եւ տեղեկացանք, որ վերակենդանացման բաժանմունքից բռնի կերպով ԱԱԾ մեկուսարան տեղափոխված երիտասարդ Արսեն Ահարոնյանի մայրը` Կարինե Շահինյանն է բացահայտել 150 հազար ԱՄՆ դոլարի գործը եւ նամակ գրել Սերժ Սարգսյանին ու գլխավոր դատախազին` խնդրելով հետեւել երիտասարդների գլխին սարքվող գործին: Քանի որ Կարինե Շահինյանի անուն-ազգանունը ամենեւին էլ անծանոթ չէ ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ Աղվան Հովսեփյանին (Կարինեն երկար տարիներ ղեկավարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` ՀՀԿ-ի կողմից նշանակված-Թ.Թ.), իսկ բերված փաստերն էլ խոսուն են, ուստի հրահանգ է իջեցվել պարզել գործի ընթացքը: Այսպես, Հատուկ քննչական ծառայությունը ղեկավար Անդրանիկ Միրզոյանի գլխավորությամբ քննել է գործը, անգամ Հովիկ Թամամյանն է մի քանի անգամ հարցաքննվել, թե ինչ կարգավիճակով, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Միայն հարազատներից տեղեկացանք, որ «հետեւի կողմից կրակոցներ ստացած, 132 դպրոցը գերազանցիկ ավարտած Արսեն Ահարոնյանի գլխին սարքվել է այդ ամենը»: Ըստ հարազատների` Արսենն ընդամենը տեսնելով, որ Պետոյին խփել են, վազել է նրա կողմը եւ կռացած վիճակում հետեւից վիրավորվել, բայց հետո նրան դարձրել են մարդասպան: Մի խոսքով այս ձեւով գործը մտել է դատարան, որտեղ մեղադրող դատախազը, տեսնելով, որ շատ վկաներ դատարան չեն գալիս, բոլոր մասնակիցները չէ, որ ներգրավված են գործում (փախած են եղել, մասնավորապես նշվում է Վռամի անունը), գործը ուղարկել է լրացուցիչ քննության: Նույնիսկ սպանված Խաչիկ Մկրտչյանի հայրը, ըստ Ահարոնյանի հարազատների, դատարան չի գնացել որեւէ անգամ` իմանալով, որ անմեղ երեխա են դատում: Արսենի հարազատները կարծում են, որ Նարեկն է Արսենին կրակել, դրա համար էլ նրա հայրը` Արմենը, 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել Թամամյանին, որպեսզի «արանքից հանի» որդուն: Ըստ որոշ լուրերի` Արմենը, որ ամենուր ասել է, թե կաշառքով փրկել է որդուն, կալանավորվել է` կաշառք տալու մեղադրանքով: «Ժողովուրդ»-ը կփորձի առաջիկայում պարզել այս գործի բոլոր մանրամասները: Ինչ վերաբերում է Հովիկ Թամամյանի հոր` Ղուկաս Թամամյանի ինքնասպանության առեղծվածին, ապա նշենք, որ Թամամյանի նախկին գործըներները երեկ «շոկի» մեջ էին: Մեր տեղեկություններով իր տիկնոջ հետ բնակվող 81-ամյա Ղուկաս Թամամյանը բակում ինքն իրեն կախել է: Նրան առաջինն այդ վիճակում տեսել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ոստիկանապետի տեղակալը, որը Հովիկ Թամամյանի փեսան է: Ու հենց նա էլ իջեցրել է դիակը: Թե ինչն է դրդել 81-ամյա Թամամյանին ինքնասպանություն գործել, դժվար է ասել, ոստիկանությունում վարկած կա, որ «բանվոր Ղուկասը», ինչպես իր հոր մասին ասում էր Հովիկ Թամամյանը, լսելով որդու հետ տեղի ունեցածը, նման որոշում է կայացրել: Համենայնդեպս որեւէ երկտող երեկ դեռ ոստիկանները չէին հայտնաբերել: Հավանաբար Թամամյանն ինքը կբացահայտի հոր մահվան առեղծվածը: «Ժողովուրդ»-ը ցավակցում է Թամամյանին: ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԹԱՄԱՄՅԱՆՆ ՈՒ ԱԴԱՄՅԱՆԸ ԴԵՌ «ԾԱՂԻԿՆԵՐՆ» ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ