1000 դրամի նախագծի քննարկումն ԱԺ-ում բավականին մռայլ սպասումներ է ձեւավորում, իսկ սահմանում հակառակորդն է ակտիվանում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին լարվածության աճի վերջին դրսեւորումները կարծես թե կրում են նպատակաուղղված բնույթ, ինչի մասին, ի դեպ, ԼՂՀ ՊՆ-ն նախազգուշացել էր դեռ 2 շաբաթ առաջ: Օրերս էլ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր մտահոգություն հայտնել այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում ակնկալվող հանդիպումից առաջ սահմանված կարգով չհայտարարված այս զորավարժությամբ Ադրբեջանը պատասխանում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու` ԵԱՀԿ միջնորդների կոչերին:

Եվ ահա Թալիշի ուղղությամբ վերջին արկակոծումները, փաստորեն, ցույց տվեցին, որ հայկական կողմի մտահոգությունները տեղին են: Իսկ արդեն շաբաթվա վերջին զինվորական համազգեստով սահմանագիծ, այդ թվում եւ Լելե Թեփե այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները էլ ավելի խորացրին այդ մտահոգությունները: Ալիեւը, փաստորեն, արդեն բաց տեքստով արձանագրեց, որ մինչ ԵԱՀԿ միջնորդները ջանքեր են գործադրում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման եւ 2 երկրների նախագահների նոր հանդիպում կազմակերպելու շուրջ, Ադրբեջանը բացահայտ կերպով հայտարարում է նոր ռազմական գործողություն, եթե չասենք՝ պատերազմ սանձազերծելու մտադրության մասին: «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն։ Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով։ Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան, ապրիլյան մարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին դա»,- հոխորտացել է Ալիեւը:

Անշուշտ, առաջին անգամը չէ, որ Ալիեւը նման հռետորաբանություն է կիրառում, սակայն Վիեննայի, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո Բաքուն տեւական ժամանակ բավականին հանդարտ քաղաքականություն էր վարում թե՛ հայտարարությունների, թե՛ հրադադարի խախտման առումով: Ամեն ինչ կարծես թե փոխվեց սեպտեմբերի 21-ի զորահանդեսին Երեւանում ռուսական իսկանդերների ցուցադրությունից հետո: Իսկ արդեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո վերջինիս հետ անձնական կապեր ունեցող Ադրբեջանի իշխանական վերնախավը, ըստ ամենայնի, համարեց, որ այժմ իրենց դիրքերն ավելի ուժեղ են, եւ դա հարկ է արձանագրել՝ արկակոծելով Թալիշն ու ռազմական նոր գործողություններով սպառնալով:

Արդյոք Ադրբեջանը կդիմի նոր ռազմական արկածախնդրության, ցույց կտա ժամանակը, սակայն այս ամենի ֆոնին արագացված ընթացակարգով հայրենիքի պաշտպանության համար զոհվող եւ հաշմանդամություն ստացող զինվորների փոխհատուցման վճարների բարձրացում նախատեսող նախագծի քննարկումն ԱԺ-ում բավականին մռայլ սպասումներ է ձեւավորում:




Լրահոս