ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, անդրադառնալով նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի յուրացումների գործին եւ վերջինիս քավության նոխազ դարձնելու մասին տեսակետներին, ասաց. «Ձեր հարցերի պատասխանը կարող եք գտնել այն դատական գործում, որը քննվել, եւ վերջնական դատական ակտ է կայացվել»:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման փաստերով հարուցված քրեական գործի շրջանակում՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելու, ինչպես կաշառք ստանալու մեջ: Ինչ փոխվեց այս աղմկալի բացահայտումից հետո դատական դեպարտամենտի կյանքում:
-Ձեր մատնանշած աղմկալի դեպքից հետո կատարվել են բավականին ուսումնասիրություններ, կատարվել են բազմաթիվ վերլուծություններ եւ արվել են որոշ հետեւությունները:
-Կոնկրետ ի՞նչ հետեւությունների մասին է խոսքը:
-Զերծ կմնամ գնահատականներ տալուց իմ նախկին գործընկերներին, նամանավանդ, որ նրանցից ոմանք այս պահին հարցերի կիզակետում են, չեն աշխատում, փորձելու եմ ձեռնպահ մնալ: Բայց այսօր ինչ կատարվում է դատական համակարգում, բոլորն էլ տեսնում են, որովհետեւ վերահսկիչ պալատը իր ուսումնասիրությունները կատարեց նախորդ տարի, եւ նրանց կողմից կազմված հաշվետվությունը Դուք եւս տեսել եք: Այնտեղ չկա որեւէ այնպիսի խախտում, թերություն, որը հիմք կտա կարծել, թե համակարգում որեւէ բան չի փոխվել: Այդ փաստաթղթերում գրված են, որ խախտումներ չեն հայտնաբերվել դատական դեպարտամենտի վերջին երեք տարիների գործունեության մեջ: Համակարգը աշխատում է նոր ոգով, նոր թափով:
-Լինելով դատական դեպարտամենտի ղեկավար՝ խնդրում եմ ասեք՝ Ձեր կարծիքով, Միսակ Մարտիրոսյանը կարո՞ղ էր առանց վերեւների իմացության գնալ այդօրինակ յուրացումների: Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ մշտապես ցածր պաշտոնյաները կամ մանր ձկներն են հայտնվում ճաղերի հետեւում:
-Ես չեմ կարծում, որ Միսակ Մարտիրոսյանը՝ տվյալ դեպքում դատական դեպարտամենտի ղեկավարը, ցածրաստիճան պաշտոնյա է, ինչպես նշում եք Ձեր խոսքում:
-Առանց իր ղեկավարների իմացության կարո՞ղ էր այդ քայլին գնալ:
-Չեմ կարող մեկնաբանություն տալ եւ կարծում եմ՝ Ձեր հարցերի պատասխանը կարող եք գտնել այն դատական գործում, որը քննվել, եւ վերջնական դատական ակտ է կայացվել:
-Ցավոք, դատական ակտում չկան մեզ հուզող հարցերի պատասխանները: Դուք ներկայացրիք, որ համակարգում երեք տարիների ընթացքում խախատումներ չեն հայտնաբերվել, սակայն «Ժողովուրդ»-ը Միսակ Մարտիրոսյանի կալանավորումից մեկ տարի անց եւս մեկ աղմկահարույց չարաշահման մասին բարձրաձայնեց: Խոսքը դատական գործերի թարգմանության համար նախատեսված ծախսերը արհեստական կերպով շատ ներկայացնելուն էր վերաբերում: Մեր հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում նյութեր նախապատրաստվեցին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ արհեստական գանձված գումարները հետ են վերադարձնում:
-Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն ուշադրության համար, որ Ձեր կողմից, ինչպես նաեւ լրատվամիջոցների կողմից ցուցաբերվեց այդ հարցին: Իրականում դա դատական դեպարտամենտի գործառույթների հետ կապված չէր, եւ այն, ինչ տարածվեց ԶԼՄ-ներով, որ պրաբելները եւս հաշվարկվում են եւ գումարներ են վճարվում, չի եղել նման բան եւ այսօր էլ չկա: Մենք տվեցինք համապատասխան պարզաբանում: Ավելին ասեմ, որ այն գումարները, որ պետք է վճարվեին թարգմանչական ծառայության դիմաց պայմանագրային կողմ հանդիսացող կազմակերպությանը, դեռ չէին վճարվել, եւ իմ հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, կատարվել են բոլոր ուսումնասիրությունները եւ իրականում կազմակերպությանը վճարվել են այն գումաները, որը մատուցվել է առանց որեւէ մեկ դրամ ավելորդության:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎ ՎԱՅՐԸ ՄԱՆԿԱՏՈՒՆՆ Է

Վանաձորում մոտ մեկ ամիս առաջ 4-ամյա երեխայի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին 4-ամյա երեխան մահացել էր եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով: 4 օր շարունակ փոքրիկի մայրը՝ Մարիամ Կարապետյանը, որեւէ քայլ չէր ձեռնարկել, ո՛չ շտապօգնություն էր զանգահարել, ո՛չ փոքրիկին հիվանդանոց տեղափոխել: Մայրը շտապօգնություն զանգահարել էր միայն այն ժամանակ, երբ նկատել էր, որ աղջնակը այլեւս մահացած է: Դեպքի վայր ժամանած բժիշկները ոչինչ չէին կարողացել անել: Փոքրիկի մարմնի 30 տոկոսից ավելին այրված էր եղել, ինչի հետեւանքով բազմաթիվ բարդություններ էին առաջացել 4 օրվա ընթացքում:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ մոր կողմից երեխային դիտավորյալ վնասելու փաստեր չեն արձանագրվել քննության ընթացքում: Մարիամ Կարապետյանի մյուս երեխաները մինչօրս գտնվում են Վանաձորի մանկատանը: Չի բացառվում, որ Մարիամ Կարապետյանը զրկվի մայրական իրավունքներից, կամ էլ պարզապես նրա իրավունքները կսահմանափակվեն: Մարիամի ամուսինը գտնվում է բանտում՝ սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն՝ Մարիամի մյուս՝ երրորդ քրոջը, դեռեւս 90-ականներին բռնաբարել է հարազատ հայրը, որից երեխա է լույս աշխարհ բերել: Սակայն մայրը սպանել է սեփական երեխային ու նետել աղբարկղը, որի համար, ըստ խոսակցությունների, 10 տարի շարունակ անցկացրել է բանտում: Դստերը բռնաբարած հայրը մահացավ նախորդ տարի, ավտովթարից:
Իսկ, ահա, Մարիամի քրոջ՝ Նարինե Կարապետյանի 2,5 ամսական տղային՝ Ալեն Կարապետյանին էլ օրեր առաջ հայտնաբերել էր թաղամասային մանկաբույժը՝ հերթական տնայցի ժամանակ: Երեխան եղել էր անգիտակից, մահամերձ վիճակում: Երեխային անմիջապես տեղափոխել էին Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ թերսնված, ջրազրկված, մարմնի ջերմաստիճանն ընկած ու կյանքի համար վտանգավոր նախանշաններով: Փոքրիկին չլողացնելու եւ կեղտոտ պահելու հետեւանքով մարմնի վրա առաջացել էին նաեւ թարախային խոցեր: Հիվանդանոցից մեզ հայտնել էին, որ երեխայի՝ մեկ օր ավել տանը մնալու դեպքում հետեւանքները ողբերգական կլինեին: Փոքրիկի կյանքը բժիշկները կարողացել են փրկել: Երեխան մինչ օրս գտնվում է հիվանդանոցում: Արդեն երկուշաբթի Նարինեի տղային՝ Ալեն Կարապետյանին, հիվանդանոցից միանգամից կտեղափոխեն մանկատուն:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ քույրերից Նարինե Կարապետյանին քաղաքապետարանը սենյակ է հատկացրել համայնքի ենթակայության տակ գտնվող հանրակացարաններից մեկում: Նարինեն մեկ ամիս է, ինչ երեխաների հետ դուրս է եկել «աղբի գարաժներ» կոչվող տարածքից ու տեղափոխվել հանրակացարան: Այժմ հանձնաժողովի անդամները քայլեր են ձեռնարկում Նարինեի 2,5 ամսական տղայից բացի մանկատուն տեղափոխել նաեւ մյուս երկու երեխաներին. «Քանի որ դատական ճանապարհով երեխաներին առանց ծնողական խնամքի ճանաչելու գործընթացը երկար պրոցես է, մենք ընտրեցինք բանակցային տարբերակը, երեխաների մորը՝ Նարինե Կարապետյանին բացատրելով ու հասկացնելով, որ երեխաների համար ներկայումս ամենապահով վայրը մանկատունն է, մնում է՝ Նարինեն տա համաձայնություն նաեւ մյուս երեխաների մասով, հակառակ դեպքում երեխաները ԱԾԽՄ կճանաչվեն դատարանի վճռով»,-նշեց Գոռ Բադյանը:
2,5 ամսական Ալեն Կարապետյանին արդեն երկուշաբթի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից անմիջապես կտեղափոխեն Վանաձորի մանկատուն, որտեղ էլ կապահովվի երեխայի խնամքը:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
530 ԿՐԱԿՈՑ
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 41 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (16 կրակոց):

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՇՆՈՐՀԻՎ
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը, որի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոփոխելու մասին որոշում էր կայացվել, սակայն ընտանիքի անդամները չունեին բավարար գումար այն վճարելու համար, ազատ է արձակվել: ArmLur.am-ի հետ զրույցում Այվազյանի որդին՝ Ռազմիկը, հայտնել է, որ հայրն արդեն ազատության մեջ է: «Դրամահավաք էր սկսվել «Սասնա ծռերին» եւ նրանց աջակիցներին օգնելու համար, որից եւ մասնաբաժին է հատկացվել հայրիկիս ազատ արձակելու համար», -տեղեկացրել է նա:

 

 

ՆՈՐ ԻՄԱՑԱՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջիկայում կուսումնասիրի Եվրամիության երկրներից, ԱՄՆ¬ից դեպի Հայաստան ռոումինգ ծառայությունների շուկան: Հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը նշել է, որ հարցի վերաբերյալ կլինեն ուսումնասիրություններ: «Կարծում ենք, որ գործընթացը պետք է լինի փոխշահավետ ինչպես բաժանորդների, այնպես էլ օպերատորների համար»,¬ նշել է նա: Իսկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ ասել է, որ ուսումնասիրելով քաղաքացիների դժգոհությունները՝ հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ իսկապես ռոումինգի սակագները զգալիորեն բարձր են: «Հաշվարկների արդյունքում պարզել ենք, որ բջջային օպերատորները հնարավորություն ունեն իջեցնել գները: Համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրում ենք, որ ռոումինգի գները զգալիորեն նվազել են: Նպատակ ունենք ավելի նվազեցնել, մոտեցնել երկրի ներսում բջջային հեռախոսակապի գներին»,-խոստացել է Շաբոյանը:

 

 

ՓԼՈՒԶՎԵԼ Է
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացմամբ՝ երեկ՝ ժամը 9:45-ի դրությամբ, Մ2` Երեւան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Ողողվել են ճանապարհի վերին եւ ներքին շեպերը, որի հետեւանքով ներքին շեպը փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթեւեկելի հատվածի մի մասը։ Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։




Լրահոս