Քանի դեռ կոռուպցիոն երևույթներ կան, որևիցե մեկը բարոյական իրավունք չունի պահանջելու. Խաչատուր Քոքոբելյանը`1000-ական դրամների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Սերժ Սարգսյանին էր ներկայացրել զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկի մասին, որով 2017թ. հունվարի 28-ից հետո զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացածները՝ 5 միլիոն դրամ:

Զոհվելու կամ 1-ին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական վճարները կկազմեն 300 հազար դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ՝ ենթասպաների եւ 200 հազար դրամ՝ շարքայինների համար: 2-րդ կարգի հաշմանդամների դեպքում՝ 250, 200 եւ 150 հազար դրամ: Երեկ Ազգային ժողովում Վ. Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ հիմանադրամն ունենալու է կայք, որտեղ իրական ժամանակում արտացոլվելու է, թե որքան գումար է հավաքվել, եւ ով որքան գումար է ստացել:

«Ժողովուրդ-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորները նախագծի հետ կապված հայտնեցին իրենց մտահոգությունը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան

-Պարո՛ն Քոքոբելյան, Ձեր միակ եկամտի աղբյուրը աշխատավա՞րձն է:

-Ո՛չ, երբեւիցե չեմ թաքցրել, այսօր միայն աշխատավարձով հնարավոր չի այն խնդիրներով զբաղվել, որոնցով նաեւ զբաղվում եմ: Այլ եկամուտները դրանք դիվիդենտներն են, դրանք տարբեր մասնաբաժիններից հատկացումներն են:

-Նշեցիք, որ միայն աշխատավարձով չեք ապրում, այդ դեպքում, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, արդարացի՞ եք համարում, որ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ են հավաքագրելու, որը հասարակ քաղաքացու երկու օրվա հացի գումարն է:

-Ո՛չ: Որեւիցե մեկը չի ասում, որ բանակին չպետք է օգնել, ուղղակի հարկերը, որոնք որ մենք հատկացնում ենք, բնականաբար բանակի համար է, դա նաեւ առկա սոցիալական խնդիրներ լուծելու համար է, եւ, վերջապես, բյուջեն հավաքվում է հարկերից: Այսինքն՝ խոսել այն մասին, որ սա հարկատեսակ չէ, ընդունելի չէ: 70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու համար դա 1,5 տոկոս հարկի բարձրացում է: 70 հազար դրամ ստացող մարդուց, որի համար 1000 դրամը Երեւան քաղաքում իր մեկ շաբաթվա տրանսպորտի հարցն է, որեւիցե արդարացում չկա նրանից եւ ԱԺ պատգամավորից կամ նախարարներից նույն չափի դրամ պահելու համար: Այս նաախգծում երկու լուրջ խնդիրը կա. նախ՝ որեւիցե արդարացում չունի մինչեւ այս պահը զոհված քաղաքացիների, մեր հայրենակիցների ընտանիքներին այդ նույն օգնությունը չտրամադրելը, այդ թվում՝ քառօրյա պատերազմի եւ դրանից առաջ եղած գործողությունների արդյունքում վիրավորների ընտանիքներին: Այսինքն՝ այս նախագիծը 2017թ. հունվարի 28-ից հետո կատարվելիք դեպքերին է վերաբերում /տա Աստված, դեպքեր չլինեն/: Մինչեւ այս պահը մեր այն քաղաքացիները, որոնք նահատակվել են հանուն իրենց հայրենիքի, որոնց նկատմամբ մեր հարգանքն ու պարտավորություններն ունենք, նրանք այս նախագծի շահառուները չեն եւ չեն օգտվելու:

-Պաշտպանության նախարարին Ձեր մտահոգությունները հայտնե՞լ եք:

-Այո՛, հարցը բարձրացրել եմ հանձնաժողովում քննարկման ժամանակ, դա կարեւոր եմ համարում եւ սկզբունքային: Նորից եմ կրկնում՝ այն կարծիքին չեմ, որ պետությունը միջոց չունի, ո՛չ, պետությունը հնարավորություն ունի, օրինակ՝ 35 տոկոսից ավել ստվեր ունենք, ստվերը սեղմի, քանի դեռ ստվերը չենք սեղմել, քանի դեռ կոռուպցիոն երեւույթներ կան, որեւիցե մեկը բարոյական իրավունք չունի 70 հազար դրամ ստացող մանկավարժից այդ մասնաբաժինը պահանջելու:

Հավելենք, որ այսօր ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս