500-ից 1000 մանաթի տուգանք Իլհամ Ալիևին վարկաբեկելու համար. ալիևական նոր տարբերակ` համալրելու երկրի պակասող բյուջետային միջոցները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Եվրամիության խորհուրդը մանդատ է տալիս՝ Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, այդ երկիրը եվրոպական արժեքներին հակասող, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակմանը ուղղված նոր քայլեր է անում: Եթե ներկայումս Ադրբեջանում ազատ խոսքի նշույլներ էլ մնացել էին, ապա միայն սոցիալական ցանցերում, սակայն պարզվում է՝ առաջիկայում նաեւ այդ տիրույթն է վերահսկվելու եւ, ըստ էության, փակվելու իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնողների համար:

Պարզվում է՝ ադրբեջանական սուլթանատում այսուհետ նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին հնչեցրած ցանկացած քննադատություն դառնալու է քրեորեն պատժելի արարք: Արդեն իսկ այդ երկրի գլխավոր դատախազը Միլլի մեջլիսին է ներկայացրել երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթ: Դրանով մասնավորապես սահմանվում է, որ եթե հանրապետության նախագահին վարկաբեկում կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են հրապարակային ելույթի ժամանակ, ցուցադրվող ստեղծագործության (օրինակ՝ ծաղրանկարի) կամ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ համացանցում ու սոցիալական ցանցերում, նախատեսվում է տուգանք 500-ից 1000 մանաթի չափով (մոտ 300-600 ԱՄՆ դոլար), կամ՝ ուղղիչ աշխատանքներ մինչեւ երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: Իսկ կեղծ օգտատերերի դեպքում տուգանքը կազմում է 1000-ից 1500 մանաթ (ամերիկյան 600-900 դոլար) կամ մինչեւ երեք տարի ազատազրկում: Այս նախագիծն, ըստ ամենայնի, կընդունվի արդեն առաջիկա օրերին:

Իհարկե, Ալիեւների կլանը բավականին արդյունավետ միջոց է մտածել՝ երկրի պակասող բյուջետային միջոցները համալրելու համար: Ավելին՝ եթե չլիներ ազատազրկման վտանգն ու քաղաքական հալածանքի հեռանկարը, վստահաբար Ադրբեջանում շատերը պատրաստ կլինեին 300-600 դոլարով Իլհամին ասել սրտների ուզածը, ավելին՝ կլինեին մարդիկ, ովքեր կցանկանային դա անել օրական մի քանի անգամ: Եվ եթե ալիեւները խելամիտ մարկետինգ անեին, օրինակ՝ առաջարկեին զեղչային համակարգեր՝ երկու հայհոյանքը մեկի գնով տարբերակով, գուցե առհասարակ երկրի բյուջեն կրկնապատկեին:
Իսկ եթե լուրջ, ապա հարեւան, թեկուզ հակառակորդ երկրում հետզհետե խորացող ավտորիտարիզմը մեզ համար մտահոգիչ է, քանի որ ավտորիտար ռեժիմները երբեք կանխատեսելի չեն լինում, էլ չասած այդ երկրներում հեղափոխության մշտական վտանգի մասին, որի արդյունքում, որպես կանոն, իշխանության են գալիս էլ ավելի ռադիկալ ուժեր, եւ երկիրը ընկղմվում է տեւական քաոսի մեջ:




Լրահոս